Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Շոտլանդիայի հանրաքվեն շատ կարեւոր ազդակ է ազգերի ինքնորոշման տեսանկյունից. քաղաքագետներ

Շոտլանդիայի հանրաքվեն շատ կարեւոր ազդակ է ազգերի ինքնորոշման 
տեսանկյունից. քաղաքագետներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայում կայանալիք ազգերի ինքնորոշման հանրաքվեի երեւույթն արդեն համարվում է նախադեպային եւ կարող է ազդակ հանդիսանալ այլ չլուծված հակամարտությունների կարգավորման եւ չճանաչված պետությունների համար: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանի գնահատմամբ, Մեծ Բրիտանիայի կառավարությունն իր քաղաքացիների կամքը` լինել ազատ, չի խոչընդոտում ու տանկերով ու հրետանիով չի համոզում հակառակը: «Դրա փոխարեն նա տնտեսական եւ սոցիալական նոր հնարավորություններ է խոստանում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Մինասյանը` հավելելով, որ երկու պարագայում էլ Շոտլանդիայում կայանալիք հանրաքվեն դրական է լինելու Լեռնային Ղարաբաղի համար: «Եթե հանրաքվեն կայանա եւ շոտլանդացիների մեծամասնությունը կողմ քվեարկի անկախացմանը, դա կլինի շատ կարեւոր հարթակ եւ շատ կարեւոր ազդակ միջազգային հանրությանը` ազգերի ինքնորոշման տեսանկյունից: Եթե ժողովուրդը դեմ քվեարկի անկախացմանը` կրկին կլինի դրական, քանի որ, արդեն ակնհայտ է, թե Մեծ Բրիտանիան ինչպես է վերաբերվում ազգերի ինքնորոշմանն ու կրկին կլինի նախադեպային այն պետությունների համար, ովքեր սվիններով են ընդունում ազգերի ինքնորոշման գաղափարը»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը նույնպես կարծում է, որ Շոտլանդիայի հանրաքվեն դրական ազդակ է լինելու Լեռնային Ղարաբաղի եւ այն բոլոր հակամարտությունների համար, որտեղ առկա է ազգերի ինքնորոշման հարց: Բեքարյանի դիտարկմամբ` Մեծ Բրիտանիայի եւ Շոտլանդիայի դիրքորոշումն ու պահվածքն ազգային ինքնորոշման եւ պետությունների միջեւ հարցերի լուծման նոր օրինակի հիմք է դնում: «Անչափ կարեւոր է Մեծ Բրիտանիայի դերակատարությունն այն առումով, որ թագավորությունը ոչ մի տեսակի ճնշում չի գործադրում: Սա պետք է ազդակ հանդիսանա միջազգային հանրության համար` հասկանալու, թե ինչպես պետք է վերաբերվել ազատություն ցանկացող ժողովուրդներին եւ ինչպիսի դիրքորոշում պետք է ունենալ նրանց նկատմամբ»,- ասաց Կարեն Բեքարյանը` հավելելով, որ Շոտլանդիայի հանրաքվեն անկախ արդյունքից արդեն պատմական միջոցառում է եւ նախադեպային բազմաթիվ պետությունների համար:  

Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում կանցկացվի անկախության հանրաքվե: Ոգևորությունը բրիտանական այդ հատվածում մեծ է: Վերջին սոցհարցումները ցույց են տվել, որ անկախության կողմնակիցներն առաջին անգամ մեծամասնություն են: Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալ ցանկանում է շոտլանդացիների 52 տոկոսը: Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, որը նախաձեռնել է հանրաքվեն, ցնծության մեջ է: Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը քննադատել է Լոնդոնին` խուճապի մատնվելու համար: Բրիտանական կառավարությունը Շոտլանդիայի առանձնացումը համարել է անդամախեղություն: Իսկ Ֆինանսների նախարար Ջորջ Օսբորն առաջարկել է Շոտլանդիային մեծ ինքնավարություն տրամադրել, եթե այն մնա Միացյալ Թագավորության կազմում: Ավելի վաղ նախարարը դեմ էր արտահայտվել Մեծ Բրիտանիայից առանձնանալու դեպքում Շոտլանդիայում ֆունտ սթերլինգը որպես ազգային արժույթ պահապնելուն: Նա նաև նշել էր, որ Շոտլանդիայից զանգվածաբար կհեռանան ֆինանսական ընկերությունները: Հանրաքվեում հաղթելու դեպքում Շոտլանդիան անկախ պետություն կհայտարարվի երկու տարի հետո: Այդ ընթացքում Լոնդոնն ու Էդինբուրգը կիրականացնեն բաժանման գործընթացը: Շոտլանդիայի ճակատագրին հետևում են հատկապես եվրոպացիները: Նրանք ենթադրում են, որ քվեարկության արդյունքները հսկայական նշանակություն կունենան ողջ Եվրոպայի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am