Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ֆիլհարմոնիկն իտալական բեմերում ներկայացրել է նաև հայկական երաժշտություն

Ֆիլհարմոնիկն իտալական բեմերում ներկայացրել է նաև հայկական երաժշտություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը գոհ է նվագախմբի իտալական շրջագայությունից: ՀՊՖՆ-ն օգոստոսի 25-30-ը չորս համերգներով հանդես էր եկել Իտալիայում: Նվագախումբը ելույթ էր ունեցել Իտալիայի Ռիմինի, Չիտա դի Կաստելո, Մերանո և Ռավելո քաղաքներում` միջազգային երաժշտական ասպարեզում ներկայացնելով հայ կատարողական բարձր արվեստը: Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես են եկել ջութահակար Անուշ Նիկողոսյանը, տավղահարուհի Յանա Բուժկովան (Չեխիա) և ֆլեյտահար Մասիմո Մերչելին (Իտալիա): 

«Մենք հանդես եկանք չորս հանրահայտ իտալական փառատոններին:  Նվագեցինք Ռիմինիում, Չիտա դի Կաստելլոյում: Վերջին փառատոնն այս տարի նվիրված էր Հայաստանին: Նախորդ տարի ես մասնակցել էի այդ փառատոնին և  առաջարկեցի այն այս տարի նվիրել Հայաստանին: Մերանոյի փառատոնին հանդես էին գալիս լավագույն նվագախմբերը և մեծանուն դիրիժորները: Իսկ  Ռավելոյի փառատոնին հանդես եկանք բացօթյա համերգով. նվագում էինք բնության հնչողության ներքո»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Էդուարդ Թոչփյանը:

Նրա տեղեկացմամբ`  նվագախումբն իտալական բեմերում Խաչատրյան էլ է կատարել: «Ամենակարևորն այն չէր, որ մենք գնացինք Իտալիա և համերգներ ունեցանք, այլ այն, որ մենք հանդես եկանք լուրջ տեղերում և հաստատեցինք մեր ներկայությունը  համաշխարհային շուկայում: Այդ ամենը չէր լինի առանց մեր երկրի Նախագահի հոգածության, կառավարությաան և մշակույթի նախարարության աջակցության»,- նշեց նա: Թոփչյանն ընդգծեց, որ նվագախումբն այս ամիս հանդես կգա  Ավստրիայում և Գերմանիայում, և կներկայացնի նաև Արամ Խաչատրյանի գործերը:

Ի թիվս հրավիրյալ խմբերի և մենակատարների` Իտալիայում հանդես են եկել նաև համաշխարհային ճանաչում ունեցող Յուրի Բաշմետը՝ «Մոսկվայի մենակատարներ» անսամբլով, կոմպոզիտոր Սոֆյա Գուբայդուլինան, դաշնակահար Բրունո Կանինոն, «Հանչժու» ֆիլհարմոնիկ նվագախումբը, Թուրինի, Բերգամոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերը և այլն:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը գործունեության 90 տարիների ընթացքում ամենուրեք կատարել և տարածել է արևմտաեվրոպական, ռուսական, հայ երաժշտության սիմֆոնիկ բազմաթիվ ստեղծագործություններ: Նվագախմբի հետ ելույթ են ունեցել Դավիթ Օյստրախը, Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Ռենատո Բրուզոն, Սթիվեն Իսերլիսը, Դավիդ Գերինգասը, Բերնդ Գլեմզերը, Ֆրանսուա-Ժոել Տիոլիեն, ինչպես նաև տասնյակ այլ հանրաճանաչ արտիստներ, առաջատար մենակատարներ և երաժիշտներ: Նվագախմբի ելույթները ղեկավարել են Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, Վիլլի Ֆեռերոն, Ֆրանց Կոնվիչնին, Կուրտ Մազուրը և այլ հայտնի դիրիժորներ: 

Նվագախումբը մասնակցել է մի շարք միջազգային կարևոր փառատոների Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում և այլուր: Այդ փառատոների ընթացքում նվագախմբի հետ ելույթներ են ունեցել միջազգային  հեղինակություն վալելող տասնյակ արտիստներ, ինչպիսիք են` Ջյուն Անդերսենը (սոպրանո), Ագնես Բալցան (սոպրանո), Քիմ Քաշքաշյանը (ալտ), Կարլ Դեվիսը (դիրիժոր) և այլք:

1989 թվականից մինչ օրս նվագախումբը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում, Լիբանանում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Անգլիայում, Հունաստանում, Իրանում, Կիպրոսում, Թուրքիայում, ԱՄԷ-ում և այլ երկրներում՝ ձեռք բերելով լայն ճանաչում ու համբավ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am