Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կալիֆորնիայի Սենատի որոշումը վկայում է, որ ԼՂ անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի. Շարմազանով

Կալիֆորնիայի Սենատի որոշումը վկայում է, որ ԼՂ անկախության միջազգային 
ճանաչումն այլընտրանք չունի. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ  Կալիֆորնիա նահանգի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը խոսում է այն մասին, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Սա խոսում է այն մասին, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հաղթարշավը շարունակվում է: Սա խոսում է նաև այն մասին, որ ուշ թե շուտ մենք հասնելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը»,-ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ժողովրդավարության և ինքնորոշման իրավունքի ճանաչման հերթական օրինակը պետք է վարակիչ լինի ոչ միայն ԱՄՆ այլ նահանգների, այլև միջազգային հանրության տարբեր սուբյեկտների համար: «Եվ սա կլինի հերթական հանգրվանը, որպեսզի մենք շարունակենք միջազգային ճանաչման գործընթացը: Սա շատ կարևոր քայլ է, մանավանդ այս փուլում, և սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ինքնորոշման հաղթարշավը շարունակվում է,և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»,- նշեց Շարմազանովը:

Շարմազանովը նշում է, որ սա արդյունք է ինչպես Հայաստանի Հանրապետության հավասարակշռված արտաքին քաղաքականության,  այնպես էլ ԱՄՆ-ում հայկական ազդեցիկ լոբբիի գործունեության: «Պատահական չէ, որ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկի նահանգը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Սա նշանակում է, որ գործընթացն սկսվել է և ուշ, թե շուտ մենք հասնելու ենք դրան: Հնարավոր չէ գնալ գետի հունին հակառակ, իսկ գետի հունը տանում է դեպի անկախ Արցախ»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատը ժամեր առաջ 23/0 ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը: Բանաձևը սենատին ներկայացրեց սենատոր Քևին դե-Լեոնը` նշելով, որ այդ տարածաշրջանը հայկական պատմական տարածք է և մոտ 100 տոկոսով բնակեցված է հայերով: «Այս տարածաշրջանի էթնիկ հայերը չափազանց շատ են տառապել անցած դարում, և նրանց տառապանքները շարունակվում են նաև այս դարում: Նրանք արժանի են ունենալու ազատ-անկախ հայրենիք` չգտնվելով հալածանքների վտանգի տակ: Այս տարի մենք նշում ենք Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը, և մեր սովորած դասերից մեկն այն է, որ մի էթնիկ խումբը չպետք է իշխի մյուսի վրա»,- նշել է սենատորը: Բանաձևի օգտին ելույթ են ունեցել նաև սենատորներ Թոմ Բերիհիլը և Ռիկարդո Լարան:

Ֆրեզնոն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի առաջին քաղաքն էր, որը պաշտոնապես ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 2014 թվականի հունվարին նահանգի ամենախոշոր քաղաքներից Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ևս միաձայն ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես անկախ և ինքնիշխան պետություն: Արցախի անկախությունը ճանաչել են նաև ԱՄՆ չորս նահանգներ` Լուիզիանան, Մեյնը, Մասաչուսեթսը և Ռոդ Այլենդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am