Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Խմբակցություններն ԱԺ նստաշրջանի մեկնարկին պատրաստվում են օրենսդրական լուրջ փաթեթներով

Խմբակցություններն ԱԺ նստաշրջանի մեկնարկին պատրաստվում են օրենսդրական 
լուրջ փաթեթներով

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկին հաշված օրեր են մնացել: Խորհրդարանը ներկայացնող քաղաքական խմբակցությունները մեկնարկելիք նստաշրջանին և աշնանային թեժ քաղաքական կյանքին  պատրաստվում են ներկայանալ նոր գաղափարներով և հագեցած օրակարգով:  Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները փաստում են, որ աշնանային նստաշրջանը բավականին թեժ է լինելու և լինելու են քննարկումներ ամենատարբեր հարցերի շուրջ՝ սկսած հարկային քաղաքականության մեջ փոփոխություններից և փոքր ու միջին բիզնեսի համար արտոնություններ սահմանող նախագծերից մինչև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ կառավարության ծրագրում առկա բոլոր խնդիրները, որոնք իշխանություններն իրենց վրա են վերցրել, պետք է կարգավորվեն նաև օրենքով, որպեսզի հնարավոր լինի դրանք կյանքի կոչել: «Բնականաբար, սկզբնական շրջանում կքննարկենք այդ հարցերը, որից հետո արդեն կլինի Մաքսային միության անդամակցության հետ կապված փաթեթի քննարկումը: Այնպես որ, մեզ բավականին ծանրաբեռնված նստաշրջան է մեզ սպասվում: Այսինքն, ինչ պարտավորություն մենք ստանձնել ենք, օրենսդրական դաշտում պետք է կարգավորում ստանան»,- ասաց Բաղդասարյանը:

Նա ընդգծեց, որ կլինեն օրինագծեր, որոնցով կկարգավորվեն հարկային դաշտում առկա խնդիրները: «Ես կարծում եմ, որ օրենսդրական դաշտում առաջնահերթ հարցեր չկան: Ես չեմ ցանկանում որևէ հարց ավելի կարևորել: Ինչքան խնդիրներ կան, պետք է հասցնենք կարգավորել: Մենք նաև պետք է հասցնենք կարգավորել 2015թ. պետական բյուջեի հետ կապված խնդիրները, որպեսզի արդեն բյուջեի քննարկման ժամանակ խնդիրներ չառաջանան: Բազմիցս նշել ենք, որ պետական բյուջեի քննարկումից առաջ բավականին հաստ փաթեթ է բերվում, որի քննարկումն արդեն խոչընդոտներ է առաջացնում: Հիմա մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ խնդիրները չառաջանան: Մենք պետք է ընթացքում քննարկումներ անցկացնենք, որպեսզի հետագայում ձեռնպահ մնանք այդ հաստափոր փաթեթներից, որոնց քննարկումների ընթացքում խնդիրներ են առաջանում»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ ունի, որոնք կդրվեն շրջանառության մեջ: Դրանք հիմնականում առնչվում են փոքր և միջին բիզնեսին արտոնություններ տալու հարցին: «Մեր օրենսդրական նախաձեռնությունները վերաբերելու են ներդրումային դաշտը բարելավելուն, սահմանամերձ գյուղերում արտոնությունների տրամադրմանը: Մենք առաջարկելու ենք նաև «Սահմանապահ համայնք» եզրույթը ձևակերպել և նախագիծը հիմա քննարկում ենք քառյակի մեր գործընկերների հետ: Մենք կարծում ենք, որ պետք է լուրջ արտոնություններ  տրվեն այդ համայնքներում ներդրումներ կատարողներին»,- ասաց Զոհրաբյանը:

Նա ընդգծեց, որ ԲՀԿ-ն բավականն լուրջ նախաձեռնություններ ունի արդյունաբերական գոտիների, ինչպես նաև կրթության ոլորտում և հենց սեպտեմբերին խորհրդարանի օրակարգին կներկայացնի բավականին ընդգրկուն փաթեթներ: «Թե դրանցից քանիսը կարժանանան կառավարության հավանությանը, ես հիմա չեմ կարող ասել, քանի որ մենք նախադեպ ունենք, որ կառավարության կողմից համարյա միշտ մերժվել են ոչ կոալիցիոն քաղաքական ուժերի առաջարկները: Ես հույս ունեմ, որ կառավարությունն այդ ճանապարհով չի գնա և կմտնի առավել կառուցողական դաշտ: Ամեն դեպքում կապրենք կտեսնենք, մենք մեր նախաձեռնություններով շարունակում ենք առաջ շարժվել և, անկախ նրանից, կընդունվեն մեր առաջարկները, թե ոչ, մենք շարունակելու ենք առաջ շարժվել»,- ասաց Զոհրաբյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղարը նշեց նաև, որ ուժի մեջ է քառյակի կողմից հանրահավաքի հրավիրումը: Նա ընդգծեց, որ առաջիկայում քառյակի նիստի ընթացքում հանրահավաքի անցկացման ժամկետների մեջ որոշակի հստակություն կմտցվի: Իսկ թե երբ կլինի քառյակի նիստը, ԲՀԿ քարտուղարը դժվարացավ պատասխանել՝ ընդգծելով, որ այս պահին դեռևս հստակ չէ, սակայն առաջիկայում պարզ կլինի նաև քառյակի նիստի օրը:

«Ժառանգություն» խմբակցութան ղեկավար Ռուբեն Հակոբյանն օգոստոսի 26-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ խմբակցությունն Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին կներկայացնի մոտ քսան օրենսդրական նախագծեր: Նա տեղեկացրել է, որ նախաձեռնություններից մեկը զինապարտության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն է, որով առաջարկվում է հանել ուսումնական պրոցեսի ընթացքում տարկետման իրավունքը: Մյուս նախագիծը վերաբերվում է խորհրդարանական ընդդիմության դերի բարձրացմանը` առաջարկելով փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում։ Ռուբիկ Հակոբյանի խոսքով` «Ժառանգություն» խմբակցության կարևոր ու հիմնական նախաձեռնություններից է շարունակում մնալ Արցախի անկախության ճանաչման օրենդրական նախաձեռնությունը, որի ընդունման հարցը պատրաստ են քննարկել տարբեր ուժերի, այդ թվում՝ ԼՂՀ իշխանությունների հետ։ «Ժառանգությունը» հանդես կգա նաև ԱԺ հանձնաժողովների նիստերն օնլայն ռեժիմով տեսաձայնագրելու և այն ԱԺ կայքով ցուցադրելու նախաձեռնությամբ:

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 30-ի իրենց հանրահավաքին, ապա Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ իրենց քաղաքական օրակարգում ոչինչ չի փոխվել ու հանրահավաքը կլինի իրենց մշակած աշխատանքային ժամանակացույցի սկիզբը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am