Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կանադացի խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կանադացի խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել 
Ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի խորհրդարանական պատվիրակությունն օգոստոսի 26-ին Ազգային ժողովում հանդիպել է ՀՀ ԱԺ Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը նշել է, որ հայ-կանադական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն եւ բնորոշվում են որպես ջերմ-բարեկամական ու գործընկերային:

Հյուրերի խնդրանքով Հովհաննես Սահակյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրություններին եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Նա ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան նախապայմաններ է առաջադրում, որոնք Հայաստանի համար անընդունելի են: Անդրադարձ կատարելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ խմբի ղեկավարը կարևորել է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, ինչը հնարավորություն կտա բացառել նոր ցեղասպանությունների իրականացումը:

Բարեկամական խմբի անդամները նշել են, որ 2009թ. հայ-թուրքական արձանագրությունները սառեցվել են Թուրքիայի ղեկավարության կողմից: Խմբի անդամները, անդրադառնալով Հայաստանի շրջափակմանը, կարծիք են հայտնել, որ 21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն: Հովհաննես Սահակյանն անդրադարձել է վերջին շրջանում ԼՂ ու Ադրբեջանի միջեւ շփման գծի եւ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով զինադադարի ռեժիմի բազմակի խախտումներին և ադրբեջանական զինուժի կողմից սադրիչ-դիվերսիոն գործողությունների աճին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացին, Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության զարգացման անհրաժեշտությանը, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական խնդիրներին: 

Նույն օրը Կանադայի խորհրդարանականների պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Կանադացի խորհրդարանականները ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, դիտել ցուցանմուշները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am