Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի զբոսաշրջային 7 քաղաքները. լեգենդներից՝ իրականություն

Հայաստանի զբոսաշրջային 7 քաղաքները. լեգենդներից՝ իրականություն

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իր բացառիկ պատմամշակութային ժառանգությամբ, աշխարհագրական բազմազանությամբ և ժողովրդի հյուրընկալությամբ առանձնացող Հայաստանը տարեցտարի գրավիչ է դառնում զբոսաշրջիկների համար։ Հյուսիսի և հարավի, արևելքի և արևմուքի հատման կետում դարեր շարունակ իր պատմությունը կերտած երկիրն այսօր իր հյուրերին է ընդունում նորովի՝ պահպանելով, սակայն, անցյալի ավանդույթներն ու լեգենդները։ «Արմենպրես» լրատվական գործակալությունն առանձնացրել է Հայաստանի զբոսաշրջային 7 քաղաքները, որոնք հնի ու նորի, պատմության և ապագայի կրողներն են, որն էլ քաղաքները գրավիչ է դարձնում զբոսաշրջիկների համար։

Ջերմուկ


Երևանից 173 կմ հեռավորության վրա, Արփա գետի ակունքում է գտնվում Հայաստանի առողջարանային քաղաքներից մեկը՝ Ջերմուկը։

Քաղաքի տարածքում գտնվող հնագույն ամրոցի և 8-րդ դարի եկեղեցու ավերակներն ու մնացորդները խոսում են այն մասին, որ հանքային ջրերի ակունքների մոտ գտնվող Ջերմուկ բնակավայրը գոյություն է ունեցել շատ վաղուց: Կա մի լեգենդ, որի համաձայն, շատ վաղուց, երբ մարդու ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր, այս կուսական անտառները լիքն էին ամենատարբեր որսատեսակներով։ Եվ ահա, մի անգամ, փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին։ Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը հավաքած, սկսում է փախչել։ Որսորդը կրնկակոխ հետապնդում է նրան։ Մի կերպ, ոտքերը հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և... հրաշք՝ ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը։ Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհից աշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը։

Այսօր Ջերմուկում կառուցվում են զբոսաշրջային անհրաժեշտ ենթակառուցվածքները և քաղաքը հետզհետե դառնում է զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։

Էջմիածին


Վաղ անցյալում՝ դեռ մեր թվարկությունից առաջ, Արտեմիդ դիցուհու պատվին կոչված, ապա Վաղարշ թագավորի անունը ստացած և վերջիվերջո քրիստոնեական շրջանում Էջմիածին անվանակոչված քաղաքն այսօր հայտնի է որպես Հայաստանի հոգևոր կենտրոն։ Էջմիածնի անվան հետ է կապված Գրիգոր Լուսավորչի պատմությունը, որի հորդորանքով էլ Տրդատ թագավորը կառուցում է քրիստոնեական հնագույն արվեստի կոթողներից մեկը՝ Էջմիածնի Մայր տաճարը, որը հանդիսանում է հայ ճարտարապետության հնագույն կոթողներից մեկը: Մայր տաճարի կառուցման տեղի ընտրության մասին մեզ է հասել հետևյալ առասպելը. Գրիգոր Լուսավորիչը, երբ դուրս է գալիս Խոր Վիրապից և քրիստոնեություն տարածում Հայաստանում, ապա տեսնում է նշանավոր տեսիլք. Քրիստոսը ոսկե մուրճը ձեռքին իջնում է երկնքից և ցույց տալիս տաճարի կառուցման տեղը։ Մուրճով խփում է այնտեղ, որտեղ գտնվում էր Սանդարամետի գետնափոր մեհյանը։ Այսպիսով 303 թվականին կառուցվում է Մայր տաճարը և ի հավերժացումն Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսած երազի և կոչվում էջ Միածին, այսինքն՝  Միածինի իջնելու տեղը։ Էջմիածնի տաճարը դարձավ «Մայր եկեղեցյաց հայոց»:

Այսօր քաղաքում են տեղակայված 5 եկեղեցիներ՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ և Սուրբ Մարիամ Աստվածածին։ Էջմիածնի հարևանությամբ է գտնվում նաև Զվարթնոցի տաճարը։ Այս ողջ կոթողները մեծ հետաքրքրություն են առաջացնում Հայաստան ժամանած և Էջմիածին այցելած զբոսաշրջիկների մոտ, ովքեր առանձնակի ոգևորությամբ են խոսում Հայաստանի հոգևոր կենտրոնի մասին։

Սևան


Իր աշխարհագրական դիրքով ծովերց և օվկիանոսներից հեռու գտնվող Հայաստանի համար Սևանն ունի յուրատեսակ նշանակություն։ Սեւանա կղզին (այժմ` թերակղզի) դեռեւս անհիշելի ժամանակներից սրբատեղի է։ Հեթանոսական ժամանակներում այնտեղ բագին է եղել, որը կործանել եւ նրա տեղում եկեղեցի է հիմնադրվել: Պատմական աղբյուրները եւ վաղ քրիստոնեական ավանդությունը վկայում են, որ Գրիգոր Լուսավորիչը  հայոց Տրդատ արքայի պատվին կառուցել է տալիս նաեւ Ս. Հովաննես Կարապետ մատուռը, որի վրա հետագայում  կառուցվել է Ս. Հովաննես Կարապետ եկեղեցին:

Աշխարհի խոշոր բարձրադիր լճերից մեկը Հայոց աշխարհի կապտալուրթ գեղեցկուհին` Սևանն է, որ հնում կոչվել է նաև Գեղամա ծովակ` Գեղամա լեռների բարձրադիր գրկում գտնվելու համար: Սևանա լիճն ունի քաղցրահամ ջուր: Լիճն օրվա ընթացքում անընդհատ փոխում էր գույնը` շողալով թանկարժեք ադամանդի բազմագույն երանգներով: Ասում են` մի քանի կրոնավորներ Վանից գալիս են այստեղ և լճի մեջ տեսնելով գեղեցիկ կղզին և հոգեպարար լռությունը` բացականչում են. «Սա է Վան»: Այսինքն` մեզ համար լավ բնակվելու տեղ է: Այդպես են կղզին և լիճը ստացել Սևան անունը:

Իսկ մեկ ուրիշ զրույց պատմում է, որ շատ հին ժամանակներում չքնաղ ու կապուտաչ մի գեղագանգուր ու քաջ հսկա էր ապրում: Նա առավոտյան վաղ արթնանում էր, վերցնում էր իր մեծ նիզակն ու մտնում լիճը: Նա քաջ լողորդ էր և օրվա մեծ մասն անց էր կացնում լճի ջրի մեջ: Այդ հսկան` Սևանը, հսկում էր ամենուր և անսպասելի հայտնվում էր այն ափերում, որտեղ թշնամի էր երևում: Եվ նրա անվրեպ նիզակն անմիջապես վնասազերծում էր թշնամուն, որը կա՛մ խեղդվում էր լճում, կա՛մ էլ մազապուրծ փախչում էր: Հենց այս հայկազուն հսկայի անունով էլ լիճը կոչվեց «Սևան»:

Սևանն այսօր Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից է, որ, տեղաբնիկներից բացի, իր ափերի մոտ է բերում նախկին Խորհրդային միության և եվրոպական շատ երկրների քաղաքացիների:

Դիլիջան


Դիլիջանը Հայաստան առողջարանային քաղաքներից է, որը հայտնի է իր բուժիչ ջրերով։ Տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ, որոնք ունեն երկաթ-հիդրոկարբոնատա-քլորիդ-նատրիումակալցիումական բաղադրություն: Աղբյուրներից երկուսը շշալցվում են: «Դիլիջան» և «Դիլիջան Ֆլորովա» հանքային ջրերն իրենց առողջարանական հատկություններով համարժեք են ֆրանսիական «Վիշի» և վրացական «Բորժոմի» հանքային ջրերին: Քաղաքի բնապատկերին առանձին հմայք է հաղորդում Աղստև գետն իր վտակներով: Սովորաբար Դիլիջանը համեմատում են շվեյցարական հանրահռչակ Դավոս առողջարանի և վրացական Աբաստումանի հետ: Հայաստանում առաջին առողջարանը հիմնադրվել է Դիլիջանում 1921թ.: Դիլիջանը հարուստ է նաև տարբեր ավանդույթներով, որից մեկն էլ «Հուրին» է: Այն նշվում էր անձրևի ժամանակ. գյուղի կանայք հավաքվում էին, կտորից հրեշտակ պատրաստում, որին էլ անվանում էին Հուրի: Պատրաստելուց հետո անցնում էին բոլորի տներով ու արտասանում Հուրիի ասացվածքը։ Ծեսից հետո գյուղացիներով ուտում էին հավաքված ուտելիքը և աղոթում աստծուն, որ այդ տարի շատ անձրև չգա առատ բերք ստանալու համար:

Թեև քաղաքում ներկայումս ծիսակարգը չունի առօրեական բնույթ, սակայն բնակիչները հաճույքով են քաղաք ժամանած հյուրերին պատմուն քաղաքային «գաղտնիքները»։

Ծաղկաձոր


Ծաղկաձորը Հայաստանի՝ միջազգային ճանաչում ունեցող հանգստավայրներից է, որտեղ հատկապես զարգացած է լեռնադահուկային սպորտը: Այժմ լեռնադահուկային սպորտի զարգացման համար ստեղծվում են զնհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները։ Հիմնովին վերանորոգվել են նախկին բոլոր հանգստյան տները, գոծում են ժամանակակից բարձրակարգ հյուրանոցային համալիրներ: Սպորտի այս ճյուղի զարգացման գործում մեծ դեր ունի նաև Զվարթնոց օդանավակայանից Ծաղկաձոր տանող բարեկարգ մայրուղին: Ծաղկաձորի անունն արդեն իսկ հուշում է, որ այն հնուց ի վեր գրավիչ է եղել որպես բնակավայր և հանգստավայր: Ծաղկունյաց լեռների հարավ-արևելյան մասում ընկած գեղատեսիլ հովտի անտառներում որսի են դուրս եկել հայոց արքաները և նախարարները: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո քաղաքը արագ կերպով հաղթահարեց ճգնաժամը և դարձավ անկախ Հայաստանի և Հարավային Կովկասի առաջնակարգ զբոսաշրջության կենտրոններից մեկը: Քաղաքի հետ կապված կա մի ավանդություն, որի համաձայն քաղաքը ծաղիկներով է պատել Աստղիկ աստվածուհին՝ թաքնվելու համար աժդահայից, որը թփուտներում թաքնված հետևել է աստվածուհուն։ Երբ աժդահան փորձել է հասնել աստվածուհու և դիպչել նրան, Աստղիկը գետնին է գցել իր ծաղկազարդ թիկնոցը, որից հետո դաշտը պատվել է ծաղիկներով։ Հետագայում տարածքն անվանվել է Ծաղկաձոր։

Գյումրի


Կումայրի - Ալեքսանդրապոլ- Լենինական - Գյումրի. անունների այս հերթափոխը վերաբերում է մի քաղաքի, որին շատերը կատակով անվանում են Հայաստանի «հայրաքաղաք»: Իր մեծությամբ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը՝ Գյումրիին, երևի թե, պետք է նկարագրել հենց իրեն հատուկ հումորով։ Հզոր մշակութային կոլորիտ ունեցող քաղաքը հնուց ի վեր հայտնի է որպես արվեստների և արհեստների քաղաք։ Քաղաքի վարպետները բազմաթիվ շենքեր ու եկեղեցիներ են հրաշակերտել, որոնցից շատերը պահպանվել ու հասել են մեզ։ Քաղաքը լի է արձաններով ու հուշարձաններով, գեղեցիկ այգիներով ու պուրակներով։ Գյումրին այն եզակի քաղաքներից է, որտեղ ճարտարապետները աշխատել են պահել ու պահպանել Գյումրվա ուրույն ճարտարապետությունը, որի հիմքում ընկած են Անիի և Կարսի ճարտարապետական ոճերը։ Քաղաքն աչքի է ընկել իր աշուղներով, որոնց պատվին նույնիսկ արձան է կանգնվեցել։ Քաղաքում զարգացած է եղել արհեստագործությունը։ Արհեստներից յուրաքանչյուրը հանդես է եկել մի համքարությունով և ունեցել է իր սեփական դրոշը։ Զարգացած են եղել ատաղծագործական, ֆարբնոցային, կարի համքարությունները։ Այդ համքարությունների դրոշները կարելի է տեսնել Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում։ Գյումրիում հետաքրքիր սովորույթ է եղել՝ կապված կամրջագործ վարպետների հետ։ Համաձայն ավանդության՝ կամուրջը կառուցելուց հետո կամրջագործի ողջ ընտանիքը՝ ներառյալ երեխաները պետք է գտնվեն կամրջի տակ, իսկ վարպետը ֆայտոնով պետք է անցներ կամրջի վրայով։ Այնպես որ, եթե կամուրջը լավ չկառուցվեր, կամրջագործ վարպետն իր ընտանիքով կզոհվեր։ Բազմաթիվ հուշարձաններով ու ավանդույթներով հարուստ Գյումրին այսօր Հայաստանի ամենահետաքրքիր քաղաքներից է, որտեղ տարեցտարի ավելանում է զբոսաշրջիկների թիվը։

 Գորիս


Գորիսը Հայաստանի այն քաղաքներից է, որը թեև ունի  յուրօրինակ աշխարհագրական դիրք և բնական հանգստի գոտիներ, սակայն մեծ ճանաչում չի ունեցել որպես զբոսաշրջային քաղաք։ Քաղաքի ճանաչմանը նպաստելու և Գորիսը միջազգային զբոսաշրջային կենտրոն դարձնելու համար ՀՀ կառավարությունը նախորդ տարի ընդունեց համապատասխան զարգացման ծրագիր։ Ծրագրում նշվում է, որ Գորիս քաղաքը, հանդիսանալով միջազգային տարանցիկ ճանապարհների ակտիվ կենտրոն` Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և հարևան Իրանի համար, իր յուրօրինակ աշխարհագրական դիրքով, բնական հանգստի գոտիներով, պատմամշակութային և ազգագրական առանձնահատկություններով ու ավանդույթներով և ենթակառուցվածքներով, լավագույն հնարավորություններն ունի զբոսաշրջային կենտրոն դառնալու և Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության մեջ իր ուրույն տեղն ու դերն ունենալու:

Հաշվի առնելով Գորիս քաղաքում գոյություն ունեցող մշակութային հուշարձանների բնույթը, գեղարվեստական արժեքը, առանձին հուշարձանների և հուշարձանախմբերի` ժամանակակից կյանքի գործնական պահանջների համար օգտագործելու հնարավորությունները, քաղաքում զբաղեցրած դիրքը, ինչպես նաև, ելնելով նրանց ապագա օգտագործման, շրջապատող տարածքների գործառական ճիշտ կազմակերպման տեսանկյունից՝ հնարավոր է Գորիսի պատմական կենտրոնում ստեղծել «Հին Գորիս» պահպանման և օգտագործման համար ամբողջական պատմամշակութային զբոսաշրջային համալիր:

Բացի այդ Գորիսն իր աշխարհագրական դիրքով ունի առանձնահատուկ բնություն, ինչը նպաստավոր պայմաններ կարող է ստեղծել առողջարանային, էկոլոգիական և արկածային զբոսաշրջության զարգացման համար: Ծրագրի նպատակն է նպաստել Գորիս քաղաքի ինտեգրմանը միջազգային և հայրենական զբոսաշրջային շուկային, նպաստել Գորիս քաղաքը միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջային կենտրոն դարձնելու գործընթացին, նպաստել Գորիս քաղաքի մշակութային կյանքի ակտիվացմանը, նպաստել Գորիս քաղաք այցելող զբոսաշրջիկների թվաքանակի կայուն աճին, նպաստել Գորիս քաղաքում աշխատատեղերի ստեղծմանն ու զբոսաշրջությունից ստացված եկամուտների ավելացմանը:

Պատրաստեց Գոհար Ավետիսյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am