Մոսկվայի մետրոպոլիտենի վթարից տուժած Մերի Քոչարյանը վիրահատության է ենթարկվում. Աննա Բուլղադարյանի վիճակը կայուն ծանր է
2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած Մերի Քոչարյանը ներկա դրությամբ վիրահատության է ենթարկվում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՌԴ-ում Հայաստանի դեսպանության խորհրդարական Էդուարդ Ջամբազյանը: «Մերի Քոչարյանի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում, իսկ վթարից տուժած մեր մյուս հայրենակցի` Աննա Բուլղադարյանի վիճակը գնահատվում է ծանր կայուն: Բժիշկները սպասում են, որպեսզի Բուլղադարյանի վիճակն ավելի կայունանա, որպեսզի բուժման հետագա քայլերը ձեռնարկեն»,- ասաց Ջամբազյանը:
Անդրադառնալով մեր նհայրենակիցների քաղաքացիությանը` ՀՀ դեսպանության խորհրդականը նշեց, որ նախնական տեղեկություններով` Բուլղադարյանն ունի ՌԴ քաղաքացիություն, իսկ Մերի Քոչարյանի վերաբերյալ դեռևս որևէ հստակ տեղեկություն չկա: Նրա հարազատներից դեռևս ոչ ոք հիվանդանոց չի ներկայացել: «Դա խոչընդոտ չի հանդիսանում, որպեսզի բշժիշկներն իրենց պարտականությունները կատարեն»,- ասաց Ջամբազյանը:
Վթարից տուժած մեր հայրենակիցները տվյալները`
1) Քոչարյան Մերի Աշոտի – 20 տարեկան, Մոսկվայի հ.67 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով,
2) Բուլղադարյան Աննա Օլեգի – 23 տարեկան, Մոսկվայի հ.79 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել աջ ճաճանչոսկրի կոտրվածքով և տրավմատիկ ցնցումով:
Հուլիսի 15-ին ժամը 08:35-ին «Պարկ Պոբեդի» եւ «Սլավյանսկի բուլվար» կայարանների միջեւ ընկած ուղեմասում էլեկտրագնացքի երեք վագոններ դուրս են ընկել ռելսերից: Ըստ վերջին տվյալների, զոհվել է 22 մարդ, եւս 129 տուժածներ հոսպիտալացվել են: