Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայաստանի ութ տուն-ինտերնատներում 1240 տարեց է ապրում. ծնողասեր հասարակություն, թե ավանդույթների նահանջ

Հայաստանի ութ տուն-ինտերնատներում 1240 տարեց է ապրում. ծնողասեր 
հասարակություն, թե ավանդույթների նահանջ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտանիքներում և միայնակ ապրող տարեցներն այսօր օգտվում են տարեցների աջակցության մի շարք ծրագրերից, որոնք իրականացվում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորի կողմից: Համաձայն վիճակագրության` տարեցների 60 տոկոսն ապրում է քաղաքներում, 40 տոկոսը` գյուղերում: Հայաստանում 65 տարին լրացած մարդկանց թիվը 380 հազար է, ընտանիքների անապահովության գնահատման  համակարգում ընդգրկված միայնակ ծերերի թիվը` 12 հազար, որից 8 հազարը այս կամ այն ծրագրի շահառու է: Նշյալ տեղեկատվությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաղորդեց ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը:

Պաշտնոնյայի խոսքով` նախարարության ենթակայության տուն-ինտերնատները չորսն են, դրանցում խնամվող տարեցների պլանային թիվը նախատեսված է 1090, բայց կան ազատ տեղեր: Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, կա ութ տուն-ինտերնատ, որտեղ ապրողների թիվը հասնում է 1240-ի: Բացի այդ` կան ցերեկային խնամքի կենտրոններ, ինչպես նաև տնային պայմաններում ապրող միայնակ տարեցներին մատուցվում են շուրջօրյա խնամքի ծառայություններ:

«Ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում այսօր առողջ ծերերի համար պահանջարկ չունենք, տեղերը թափուր են մնացել, բայց մենք խնդիր ունենք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց շուրջօրյա խնամքի հաստատություններ տեղավորելու: Այսինքն` ավելի պարզ ասեմ` քրոնիկ հոգեկան հիվանդները, ովքեր այլևս հիվանդանոցում բուժման կարիք չունեն, որովհետև բուժումն արդեն ավարտվել է կամ անարդյուանվետ է և այլն, մնում է իրենց խնամքի ծառայություններ տրամադրել: Այդ հոգեկան խնդիրներ ունեցողների համար է, որ կացարաններ ու խնամքի տներ չունենք: Ընդամենը մեկ հատ ունենք. Վարդենիսի տուն-ինտերնատը, որը 450 տեղանոց է` նախատեսված հոգեկան հիվանդների համար, ինչը բավարար չէ: Այսօր հերթ ունենք. մոտ 50 հոգուց ավելի մարդ սպասում է, որ Վարդենիսում տեղ ազատվի, մենք կարողանանք տեղավորենք այնտեղ»,-ասաց Անահիտ Գևորգյանը:

Նրա հավաստմամբ` ցերեկային կենտրոնների պահանջարկն է մեծ, ուր տարեցները հասարակական ակտիվ կյանք են վարում: «Մարզերում և մայրաքաղաքում գործում են ցերեկային կենտոններ, Երևանում դրանք 7-ն են: Տարեցներն այնտեղ անցկացնում են իրենց օրը. առավոտյան գնում են, երեկոյան հետ վերադառնում, մեկ անգամ սնվում են, տարբեր խմբակների են մասնակցում, զրուցում են, հասարակական ակտիվ կյանք վարում»,-ասաց նա:

Անահիտ Գևորգյանի դիտարկումներով` այն մոտեցումը, թե ավանդապահ, ծնողասեր ընտանքիների գոյությամբ է պայմանավորված ծերանոցներում տարեցների թվաքանակի քիչ լինելը նախատեսվածից, այդքան էլ այդպես չէ: «Ավանդապահ, ծնողասեր ընտանքիների մասին կարող էինք երեսուն տարի առաջ խոսել, բայց հիմա պատկերը բավականին փոխվել է: Հիմա ոչ մի կոմպլեկս չկա, որ աղջիկը գա ու ասի, որ ուզում եմ մայրիկիս ծերանոց տեղավորել: Եթե 90-ականներին կար երկու տուն-ինտերնատ, որոնք աշխատում էին հիսուն տոկոս բեռնվածությամբ, այսօր մենք այսքան լայն ցանց ունենք ու բոլոր դեպքերում պահանջարկը կա: Չնայած եթե առաջ մենք հերթեր ունեինք, այսօրվա դրությամբ, ազատ տեղեր կան»,-հայտնեց պաշտոնյան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am