ԱԺ-ն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացնի
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 17-ին խորհրդարանական լսումներ կկազմակերպի էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացման վերաբերյալ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Ինչպես և խոստացել էի` հունիսի 17-ին Ազգային ժողովի 334 սենյակում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կանցկացվեն խորհրդարանական լսումներ` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացման վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում` 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոստացել էր թեմայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում