Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծում Օլանդը հաշվի կառնի Սահմանադրական խորհրդի որոշումը. Անրի Ռենո

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծում Օլանդը հաշվի 
կառնի Սահմանադրական խորհրդի որոշումը. Անրի Ռենո

ԵՐԵՎԱՆ 28 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Ֆրանսիա տնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, դրա մասին վկայում է որպես արևմտյան թիվ մեկ ներդրող Ֆրանսիայի զբաղեցրած տեղը: Ի՞նչ ներդրումային հեռանկարներ կան, ինչպե՞ս է Անրին Ռենոն իրեն զգում Հայաստանում, ի՞նչ է կարծում Ֆրանսիան Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու առնչությամբ. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն անկեղծացել է «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում:

-Բարձր մակարդակի Հայաստան - Ֆրանսիա հանդիպումները վերջին շրջանում դարձել են խիստ հաճախակի: Այս տարի սպասվում է Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան: Դուք ունեք տեղեկատվություն, ե՞րբ է գալու եւ այցի հիմնական նպատակը ո՞րն է:

-Հանրապետության նախագահի պետական այցը Հայաստան կկայանա շատ շուտով : Այն կնշանավորի  ֆրանս-հայկական հարաբերությունների որակը: Այցի հիմնական նպատակը կլինի երկու երկրները միավորող կապերի վերահաստատումը և համագործակցությանը նոր զարկ հաղորդելը:

-Արդյո՞ք էներգետիկ խնդիրներն ու համագործակցությունը կլինեն Երեւանում երկու երկրների նախագահների հանդիպման օրակարգում:

-Հանրապետության նախագահի այցի ընթացքում տնտեսական համագործակցության շրջանակում կարծարծվեն նաև էներգետիկ հարցեր:

-Ֆրանսիա-Հայաստան տնտեսական հարաբերությունները փաստացի ավելի թույլ են, քան քաղաքական հարաբերությունները: Ի՞նչպիսի մեխանիզմ է անհրաժեշտ մշակել Հայաստանում ֆրանսիական ներդրումները եւ ֆրանսիական կապիտալի ներկայությունը խթանելու համար:

-Իրականում երկու երկրների տնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, ինչպես դա վկայում է որպես արևմտյան թիվ մեկ ներդրող Ֆրանսիայի զբաղեցրած տեղը: 2014թ. այն կամրապնդվի  թոշակային ֆոնդերի կառավարիչ Ամունդի ընկերության Հայաստանում հաստատվելով և Կարֆուրի բացվելու հեռանկարով: Խնդիրը  ֆրանս-հայկական առևտրային հարաբերությունները ներդրումների տեսանկյունից առկա մակարդակին բարձրացնելն է:  Իրականում, Ֆրանսիան ձգտում է ավելի ընդգծված ներկայության հայկական շուկայում, ցանկանալով այդուհանդերձ հայկական ավելի շատ արտադրանք ընդունել Ֆրանսիա : Դեսպանությունն ակտիվ աշխատանք է տանում այս ուղղությամբ մասնավորապես ֆրանս-հայկական գործարար ակումբի միջոցով: Ցանկանում եմ, որ նախագահական այցն օժանդակի մեր առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը նոր թափ հաղարդելուն:

-Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կարո՞ղ է բացասական ազդեցություն թողնել հայ-ֆրանսիական հարաբերությունների վրա եւ ինչպե՞ս է Ֆրանսիան գնահատում Հայաստանի այս քայլը:

-Ֆրանսիան հարգում է Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ընտրությունը, միաժամանակ հստակ ընկալելով նրա ցանկությունը շարունակելու և խորացնելու համագործակցությունը Եվրամիության հետ: Սա ուրախալի է, նկատի ունենալով, որ Հայաստանի ապագան խորապես եվրոպական է : Ինչ վերաբերում է Ֆրանսիային և Հայաստանին, ապա նրանք վճռականորեն շարունակելու են խորացնել իրենց  երկխոսությունն ու համագործակցությունը :

Հաջորդ տարի կնշվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը : Հայաստանն ու հայ ժողովուրդը երախտապարտ են Ֆրանսիային, որ աջակցություն ցուցաբերեց Ցեղասպանությունը վերապրածներին, իսկ հետո պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը : Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բազմիցս հայտարարել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը : Որքանո՞վ է ֆրանսիացի ժողովուրդն ու Ֆրանսիայի կառավարությունը պատրաստ նման որոշման կայացմանն ու արդյո՞ք պաշտոնական Փարիզն այս առնչությամբ կարող է ներկայացնել ժամկետ :

-2012 թվականին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասապանության ժխտումը քրեականացնող օրենք, որն անվավեր ճանաչվեց Սահմանադրական խորհրդի կողմից: Հանրապետության նախագահը հայտնել է իր վճռականության մասին խորհրդարան ներկայացնելու նոր օրինագիծ, որում հաշվի առնված կլինի Սահմանադրական խորհրդի որոշումը:

-Ֆրանսիան հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ջատագովներից էր եւ Ֆրանսիայի նախկին արտաքին գործերի նախարարը Ցյուրիխում մասնակցեց Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանը: Որքանո՞վ եք իրատեսական համարում երկու երկրների հարաբերությունների կարգավորումը, երբ պետություններից մեկը որպես հարաբերությունների նախապայման անընդհատ մատնանշում է իր երկրի հետ որեւէ առնչություն չունեցող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

-Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումով նշանակալի քայլ կատարվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որը ողջունվեց Ֆրանսիայի կողմից: Ցանկանում եմ, որ հնարավորության պես վերսկսվի հայ-թուրքական երկխոսությունը, որպեսզի հնարավոր լինի բացել սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն երկու երկրների միջև: Սա էապես կօժանդակի խաղաղությանը, երկխոսությանը և բարգավաճմանը ողջ տարածաշրջանում:

-Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է եւ իր ջանքերն է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Ի՞նչ կարծիք ունեք ներկա գործընթացի վերաբերյալ եւ ըստ Ձեզ, ինչն է խանգարում հարաբերությունների կարգավորմանը:

-Մինսկի խումբն իր ջանքերն է գործադրում ԼՂ հակամարտության կարգավորման  բանակցված լուծում գտնելու ուղղությամբ : Մինսկի խումբը համանախագահող երեք երկրները բազմիցս հայտարարել են, որ միայն դիվանագիտական լուծումը թույլ կտա վերջ դնելու այդ հակամարտությանը : Ուստի, կարևոր է դրան նախապատրաստել երկու երկրների հասարակությունները: Երկու կողմերը պետք է առաջ ընթանան դեպի այս նպատակը:

-Պարոն դեսպան, շնորհակալություն հարցազրույց տալու մեր խնդրանքն ընդունելու համար: Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում, ի՞նչ եք բացահայտել այստեղ, ի՞նչ խնդիրներ կան Հայաստանում, որոնք կցանկանայիք լուծված տեսնել:

-Հայաստան ժամանելուց ի վեր ինձ հիանալի եմ զգում Ֆրանսիայի հետ երկար բարեկամություն  և բազում նմանություններ ունեցող այս երկրում : Հայաստանում  բացահայտել եմ երեքհազարամյա մշակույթ, ուժեղ ինքնությամբ մի երկիր, կյանքի նկատմամբ միշտ լավատես ու մարտահրավերներ դիմագրավելու բացառիկ ունակությամբ օժտված մի ժողովուրդ : Բացահայտեցի մի երկիր, որը 20 տարի ի վեր ստանձնել է վերափոխման   և արդիականացման գործընթաց : Ինչ այստեղ եմ, շատ կարևոր առաջընթացների ականատեսն եմ եղել և ցանկանում եմ, որ Հայաստանը շարունակի  առաջանալ այդ ճանապարհով՝ դիմակայելու համար տնտեսական, զբաղվածության և սոցիալական մարտահրավերները : Մանավանդ ցանկանում եմ, որ վերջապես կարգավորվի ԼՂ հակամարտությունը: Ես վստահ եմ, որ Հայաստանն ի զորու է դիմագրավելու այս մարտահրավերները: 

Հարցազրույցը՝ Հասմիկ Հարությունյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am