Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ատոմ Էգոյանը նամակ է հղել Թուրքիային. «Ակոս»-ի հատուկ նախագիծը

Ատոմ Էգոյանը նամակ է հղել Թուրքիային. «Ակոս»-ի հատուկ նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում լույս տեսնող միակ հայկական պարբերականը` «Ակոս»-ը, որը լույս է տեսնում երկու լեզվով` հայերեն ու թուրքերեն, Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ հատուկ նախագիծ է իրականացրել, որի շրջանակներում հայկական սփյուռքի անվանի ներկայացուցիչներն նամակ են ուղղել Թուրքիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մտավորականների թվին է դասվում հայտնի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը: Նամակի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև.

«Ես հոգնել եմ իմ զայրույթից: Միշտ հավատացած էի, որ եթե դուք հասկանայիք այն, ինչ ես գիտեմ, ինձ պես կզգայիք: Կմտածեիք, որ արդեն բավական է, և ժամանակն է հաղթահարել անցյալը:

Բայց և այնպես անկարելի է հաղթահարել:

Ես մի խոստում եմ տվել շատ հայերի նման և չեմ կարող դրժել այդ ուխտը, քանի որ այն միշտ կհալածի ինձ:

Ես այս ուխտը պահել եմ` տեսնելով բնաջնջումը Կամբոջայում, նախկին Հարավսլավիայում, Ռուանդայում… շատ տարբեր վայրերում այն բանից հետո, ինչ մենք ասել էինք, որ կսովորենք, երդվել էինք, որ Ցեղասպանություն այլևս չպետք է լինի:

Նաև տեսել եմ ձեր քաղաքացիական հասարակության` հանդուգն կերպով ոտքի կանգնելը և ճշմարտությունն ասելը: Ականատեսն եմ, թե ինչպես սպանվեց Հրանտ Դինքը, քանի որ նա հետևեց այն կտակին, որը յուրաքանչյուր հայ պարտավորություն ունի պահելու:

Մենք երբեք խաղաղություն չենք ունենա առանց ճանաչումի այն հրեշային ոճրի, որը շարունակվում է ժխտման և անտարբերության միջոցով:

Մենք հանձն ենք առել հիշել այն, սակայն ոճիրը շարունակում է բաց վերք մնալ ճիշտ այն հողի վրա, որտեղ իրագործվել է ոճիրը:

Ես սաստիկ հոգնել եմ ձեր կառավարության սարսափելի ժխտումից, սաստիկ հոգնել եմ նրանից, որ չեմ կարողանում առաջ շարժվել: Սակայն չունեմ այլընտրանք, քան ուժասպառ լինելս ընդունելն է:

Մի ամբողջ դար ձեր կառավարությունը պարտադրել է այս ժխտումը ձեզ: Երբեք գոյություն չպիտի ունենան հանձնաժողովներ «իրականությունը բացահայտելու» համար, և մենք հետաքրքրված չենք տեսնելու ձեր բաց արխիվները: Մենք իրականությունը գիտենք մեծ թվով ականատեսների շնորհիվ, մենք տեսել ենք պատերազմի ձեր մեղսակիցների արխիվները, լսել ենք աշխարհի բոլոր ցեղասպանատգետների և Հոլոքոստի գիտնականների իմաստուն խորհուրդը:

Այսօր ձեզնից միայն խնդրում եմ, որ անեք այն, ինչ ձեզնից հասնում է. հարցրեք ձեր կառավարությանը շարժառիթները և ընդվզեք այս յուրահատուկ մարտահրավերին ընդառաջ»:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները`  կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am