Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հրանտ Վարդանյանի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում

Հրանտ Վարդանյանի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր-նախագահ Հրանտ Վարդանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 22-ին` ժամը 18:00-20:00-ը, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտը՝ ապրիլի 23-ին` ժամը 12:00-14:00-ը, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հրանտ Վարդանյանի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գրանդ Հոլդինգի» լրատվական ծառայությունից: «2014  թվականի ապրիլի 19-ին  65 տարեկանում կյանքից հեռացավ հայտնի գործարար, «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր-նախագահ Հրանտ Վարդանյանը: Մարդ, ով ողջ կյանքը նվիրեց իր հայրենիքի տնտեսության զարգացմանը, և ում անվան հետ է կապված Հայաստանի Հանրապետությունում հայրենական արտադրության վերածնունդը:

Հրանտ Միքայելի Վարդանյանը ծնվել է 1949 թ. հունվարի 23-ին, Երևանում: Սովորել է Երևանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում: 1974 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը: 1990  թվականին դարձել է տնտեսագիտության թեկնածու:  Հրանտ Վարդանյանն արժանացել է բազմաթիվ պետական պարգեւների, այդ թվում 1999 թվականին  պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» ոսկե մեդալով,  2009 թվականին ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի կոչում:

1997 թվականին հիմնադրելով «Գրանդ Տոբակո» ընկերությունը, Հրանտ Վարդանյանը սկիզբ  դրեց Հայաստանում հայրենական արտադրության վերածննդին և զարգացմանը: Այնուհետև ստեղծելով «Մասիս Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները, զարկ տվեց Հայաստանում մոռացության մատնված ծխախոտագործությանը: 2000 թվականին հիմնադրեց «Գրանդ Քենդի» ընկերությունը՝ սկիզբ դնելով Հյաստանում հրուշակագործության զարգացմանը:

Հրանտ Վարդանյանը միշտ առանձնապես կարևորել է աշխատանքն ու աշխատող մարդուն: Դրա վկայությունն է նաեւ մոռացության մատնված աշխատանքի միջազգային օրվա վերածնունդը մեր երկրում, որը հնարավոր դարձավ Հրանտ Վարդանյանի շնորհիվ: Ավելի քան 7000  աշխատատեղ արտադրության և 25 հազարը գյուղատնտեսության մեջ: Տարիներ շարունակ առաջիններից մեկը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում, իսկ որպես հայրենական արտադրող՝ առաջինը՝ ոչ միայն վճարված հարկերի, այլեւ արտահանման ծավալներով:  Այսպիսին է նրա ժառանգությունը:

Հրանտ Վարդանյանի ջանքերով հայկական արտադրանքի վարկն ու հեղինակությունը բարձրացավ ոչ միայն Հայաստանում, այլև՝  նրա սահմաններից դուրս: Այսօր «Գրանդ Հոլդինգի» արտադրանքն արտահանվում է աշխարհի 22 երկիր, իսկ արտահանման ծավալները շարունակում են ընդլայնվել:

Հայտնի գործարարի գործունեության մյուս կարևորագույն ուղղությունը բարեգործությունն էր: Նրա իրականացրած բարեգործական ծրագրերն այնքան շատ են, որ հնարավոր չէ թվարկել:  Հրանտ Վարդանյանն ամուսնացած էր, ունի երկու որդի, հինգ թոռնիկ»,-նշված է «Գրանդ Հոլդինգի» լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am