Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանը պատրաստվում է ներկայանալ Իսրայելում անցկացվելիք միջազգային զբոսաշրջային համաժողովին

Հայաստանը պատրաստվում է ներկայանալ Իսրայելում անցկացվելիք միջազգային 
զբոսաշրջային համաժողովին

ԵՐԵՎԱՆ,  18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը 2016 թվականին կհյուրընկալի Եվրամիությանը կից գործող EURHODIP-ի ամենամյա զբոսաշրջային համաժողովի մասնակիցներին, իսկ մինչ այդ՝ հաջորդ տարի Իսրայելում անկացվելիք համաժողովի ժամանակ Հայաստանը կներկայացվի զբոսաշրջության եվրոպացի մասնագետներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, ով նաև EURHODIP-ի տնօրենների խորհրդի անդամ է, տեղեկացրեց, որ այդ համաժողովն առանձնակի կարևորություն ունի զբոսաշրջության զարգացման համար։ «Քանի որ կոնֆերանսն անցկացվելու է Իսրայելում, իսկ հաջորդ տարի մենք նշում ենք Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, ապա մեզ համար նշանակալի է, որ Հայաստանը կարողանանք ներկայացնել հավուր պատշաճի։ Դրա համար արդեն դիմել ենք Հայաստանի գերատեսչություններին, որ օգնեն կազմակերպելու մեր շնորհանդեսը զբոսաշրջային այդ կարևորագույն կոնֆերանսի ժամանակ։ Այժմ մտածում ենք, որ այնտեղ հիշատակվի նաև Մեծ եղեռնի 100-ամյակի մասին»,- ասաց Մինասյանը։

Նա նշեց, որ շնորհանդեսի ժամանակ պետք է ներկայացվի հայկական մշակույթն ու պատմությունը, ինչպես նաև զբոսաշրջային պրոդուկտները։ «EURHODIP-ը համախմբում է շուրջ 40 պետություն և 150 կրթական հաստատություն, հետևաբար կարևոր է, թե ինչպես կներկայանանք այդտեղ։ EURHODIP-ի ամենամյա համաժողովները, մասնագիտական միջոցառումները իրադարձություններ են, որոնք ուղղված են միաժամանակ և´ դասավանդողների, և´ուսանողների` հյուրընկալության և հասարակական սննդի արդյունաբերության մասին պատկերացումները խորացնելուն: Յուրաքանչյուր համաժողով համախմբում է մի շարք միջազգային դասախոսական և ուսանողական կազմեր, ովքեր ցանկանում են քննարկել կոնկրետ թեմաներ»,-ասաց Մինասյանը։

EURHODIP-ը հյուրանոցային և տուրիստական դպրոցների ասոցիացիա է Եվրոպայում և նրա սահմաններից դուրս: Այն գործում է Եվրոմիության հովանու ներքո և համարվում է հյուրընկալության և զբոսաշրջության ամենահեղինակավոր ցանցերից մեկը Եվրոպայում: Դրա անդամները դառնում են դպրոցների, համալսարանների և ուսումնական կենտրոնների միջազգային ցանցի մի մասը, և նրանց նպատակն է ապահովել բարձրորակ կրթություն հյուրընկալության ոլորտում: Տուրիզմի հայկական ինստիտուտը 2010 թվականից անդամակցում է կառույցին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am