Մի շարք բուլղարացիներ և բուլղարահայեր արժանացան Սփյուռքի նախարարության մեդալների
ԵՐԵՎԱՆ 14 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում ապրիլի 11-ին կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից տրված պարգևների հանձնման արարողություն: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալներ է հանձնել Բուլղարիայի ժուռնալիստների միության նախագահ Սնեժանա Տոդորովային, Պլովդիվ քաղաքի համայնքային խորհրդի անդամ Սպաս Գռնևսկուն և կրոնական համայնքների ազգային խորհրդի նախագահ, պրոֆեսոր Ռուբեն Գրիգորյանին:
«Հակոբ Մեղապարտ» մեդալներ են ստացել պրոֆեսոր Հակոբ Կարապետյանը և Հայ Դատի հանձնախմբի համանախագահ, «Երևան» թերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփաքբաշյանը:
«Վիլյամ Սարոյան» մեդալը հանձնվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Սոֆիայի մասնաճյուղի ատենապետ Սոնյա Ավագյանին:
«Արշիլ Գորկի» մեդալը հանձնվել է Սոֆիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու նախագծի հեղինակ, գլխավոր ճարտարապետ Հակոբ Քարաքաշյանին:
ՀՀ դեսպանը շնորհավորել եւ շնորհակալություն հայտնել պարգեւատրվածներին Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, հայապահպանման գործում ունեցած ավանդի, հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, Սփյուռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու և դեսպանության հետ համագործակցության համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում