Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մանկական բեսթսելեր 2/6. Թումանյանի հեքիաթների ժողովածուները կրկին ամենապահանջված գրքերն են

Մանկական բեսթսելեր 2/6. Թումանյանի հեքիաթների ժողովածուները 
կրկին ամենապահանջված գրքերն են

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարը բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի, «Հեքիաթներ» ժողովածուն է: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Երկրորդ հորիզոնականում է 1Print հրատարակչության «Ամերիկյան հնդկացիների հեքիաթներ» ժողովածուն: Գիրքն «Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ» մատենաշարից է:

«Երեք խոզուկներ. գունավորիր ջրով» մանկական հեքիաթը երրորդ հորիզոնականում է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել այն` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:

Աղյուսակում տեղ է գտել նաև Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ» ժողովածուն: Դասականի հեքիաթները ևս թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում:

Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը ևս ընդգրկվել են «Մանկական բեսթսելերի» այս շաբաթվա ցանկում: Անդերսենյան հեքիաթները քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերի ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Սմբատ Գյուրջյանի «Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր» գիրքն այս շաբաթ զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: Այն շաբաթներ շարունակ ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Գիրքը հրաշալի ուղեցույց է նախադպրոցական տարիքի երեխաների համար և փոքրիկներին հնարավորություն է տալիս ինչպես սովորել այբուբենը, այնպես էլ «կախարդական» ֆլոմաստերի օգնությամբ գրել տառերը: 

«Բուկինիստ» հրատարակչության «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գիրքն այս շաբաթ յոթերորդ հորիզոնականում է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի դրվագների մասին պատմող այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

Ութերորդ հորիզոնականում կրկին Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներն» են` այս անգամ ՄՀՄ գրատան հրատարակությամբ:

Նախորդ շաբաթվա ընթացքում ամենաշատը վաճառվել են «ՎէՄ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» խորագիրը կրող հանրագիտարանները: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգի ու բանջարեղենի, մարդու մարմնի մասերի և այլ պատկերների հետ: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկված է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության նպատակներից է նաև վերականգնել հայոց լեզվի մաքրությունը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Հայերեն լույս են տեսել «Իմառաջին գիրքը» մատենաշարի 10 անուն գրքեր:

«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներ Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ»-ը: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների գործերում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը: Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),  «Բյուրոկրատ» (50-01-52) ,«Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +2 Հովհաննես Թումանյան 
«Հեքիաթներ»  
 Արևիկ 11
2 նոր «Ամերիկյան հնդկացիների հեքիաթներ»
1Print
10
3 +6

«Երեք խոզուկներ. գունավորիր ջրով» 

GSM 10
4 +3

 Ղազարոս Աղայան 
«Հեքիաթներ»

Արևիկ 9
5 +1

Հանս Քրիստիան Անդերսենի 
«Հեքիաթներ» 

Արևիկ 7
6 +3

Սմբատ Գյուրջյան 
«Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր»

GSM 5
7 -6 «Մաշան ու արջը. թռչող ցախավելը»
Բուկինիստ 5
8 *

Հովհաննես Թումանյան 
«Հեքիաթներ»

ՄՀՄ 5
9 -4

«Իմառաջին գիրքը» 

ՎԷՄ 5
10 -2

Գրիմ Եղբայրների 
«Հեքիաթներ» 

Արևիկ 5

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am