Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱՄՆ օրենսդիրները Թուրքիայում քրիստոնեական ժառանգության ոչնչացումը կանխող օրինագիծ են ներկայացրել Կոնգրես

ԱՄՆ օրենսդիրները Թուրքիայում քրիստոնեական ժառանգության ոչնչացումը կանխող 
օրինագիծ են ներկայացրել Կոնգրես

ՎԱՇԻՆԳԹՈՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և կոնգրեսական Էլիոթ Էնգելը կրոնական ազատությունների մասին օրինագիծ (H.R.4347) են ներկայացրել Կոնգրես, որի նպատակն է երաշխավորել Թուրքիայում գտնվող քրիստոնեական մշակութային ժառանգության պաշտպանվածությունը: «Արեմնպրես»-ի փոխանցմամբ, ընդունվելու դեպքում օրինագիծը Օբամայի վարչակազմին կպարտավորեցնի ամենամյա զեկույց ներկայացնել Թուրքիայում և Կիպրոսում թալանված քրիստոնեական եկեղեցիների և ունեցվածքի վիճակի մասին:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է կոնգրեսականների նախաձեռնությունը` ընդգծելով, որ օրինագծի ընդունումը խիստ արդիական է և զորեղ ազդանշան կլինի Անկարայի համար: «Հայկական ծագում ունեցող ամերիկացիները` աշխարհում քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած ազգի զավակները, միանալով բոլոր կրոնների հավատացյալներին, ողջունում են նախագահ Ռոյսի ներկայացրած «Թուրքիայի քրիստոնեական կառույցների հաշվետվության մասին Ռոյս-Էնգելի ակտը»… Փոքրամասնությունների իրավունքները և կրոնական ազատությունները պաշտպանելու գործում ամերիկյան հզոր առաջնորդության կարիքը էապես զգացվեց անցած շաբաթ` Սիրիայի Քեսաբ քաղաքի վրա թուրքական հարձակումների ֆոնի վրա»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը:

 «Այս օրինագիծը Թուրքիային պարտավորեցնում է հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորություններին` պաշտպանելու և խթանելու մադու իրավունքները, ինչպես նաև կոչ է անում ուշադրություն դարձնել թուրքական առաջնորդների` եկեղեցական ունեցվածքն իրենց օրինական տերերին վերադարձնելու չկատարած խոստումների վրա: Տասնամյակներ շարունակ Թուրքիայում գտնվող քրիստոնեական կառույցների գույքը` հատկապես հայկական, ասորական և ուղղափառ հունական համայնքներին պատկանող եկեղեցական գույքը, տարբեր պատճառաբանումներով կամ  բռնի վերցվել կամ ապօրինի բռնագրավվել է Թուրքիայի իշխանությունների կողմից»,- օրինագիծը ներկայացնելու ժամանակ նշել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը:

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Արևմտյան Հայաստանում եւ Թուրքիայում կրել է շարունակական բնույթ եւ յուրօրինակ կապող օղակ է հանդիսանում ինչպես սուլթանական, երիտթուրքական, այնպես էլ քեմալական-հանրապետական ​​վարչակարգերի միջև, հայկական հարցի լուծմանն ուղղված քաղաքականության մշակման գործում: Թուրքիայի Հանրապետությունը հիմադրումից ի վեր շարունակում է ոչնչացնել իր տարածքում գտնվող հայկական պատմական հուշարձանները: Հակառակ թուրքական իշխանությունների` հայկական հուշարձանների վերաբերյալ իրենց հոգատար վերաբերմունքի մասին արած բարձրագոչ հայտարարությունների` թուրքերը չեն դադարեցնում հայկական հուշարձանների ոչնչացումը կամ թուրքացումը:

Թուրքերի կողմից օկուպացված Կիպրոսում նույնպես քրիստոնեական ժառանգությունը լուրջ վտանգի տակ է և կարող է իսպառ ոչնչացվել:
ԵԱՀԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն, 1974 թվականից ի վեր թուրքերն ավերել են 500 եկեղեցի, ոչնչացրել կամ վաճառել եկեղեցիներում պահվող արժեքավոր իրերը, սրբապատկերները: Շուրջ 77 եղեղեցի վերածվել է մզկիթի, եվս 28 եկեղեցի վերածվել է ռազմական հոսպիտալի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am