Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մենք մեր հարևանների հետ պետք է կարողանանք հաստատել ապագային միտված հարաբերություններ. ԱԱԽ քարտուղար

Մենք մեր հարևանների հետ պետք է կարողանանք հաստատել ապագային միտված 
հարաբերություններ. ԱԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SPECTRUM ռազմավարական վերլուծության կենտրոնն այսօր Երևանում կազմակերպել է «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային կոնֆերանսը: Քննարկումը նվիրված է եղել Հարավային Կովկասի և հարևան պետությունների անվտանգությանը վերաբերող կարևոր հարցերի: Կոնֆերանսին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Բելգիայի փորձագետներ և հետազոտողներ: Ելույթների հիմնական թեմաներն են եղել անվտանգության միջավայրը, ինչպես նաև եվրաատլանտյան և եվրոպական գործընկերության հեռանկարները Հարավային Կովկասում, աշխարհաքաղաքական բացերը, տարածաշրջանի յուրաքանչյուր պետության զարգացման հիմնական ուղղությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԽ մամուլի ծառայությունից, կոնֆերանսում ելույթով է հանդես եկել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով իր խոսքում մասնավորապես նշել է. «Հարավային Կովկասում տարածաշրջանային ռազմաքաղաքական ներկա իրավիճակը կարելի է գնահատել հիմնականում կայուն, սակայն մտահոգիչ և դինամիկ փոփոխություններով, քանզի չկարգավորված հակամարտությունների առկայությունը, դրանցից բխող բացասական հետևանքները, այդ հակամարտությունների հնարավոր ակտիվացումը լուրջ սպառնալիք են հանդիսանում տարածաշրջանի անվտանգության, խաղաղության և կայունության համար»:

Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ վերջին մեկ ու կես տասնամյակի ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն էական առաջընթաց է գրանցել. «Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության հետ ՀՀ համագործակցության զարգացումն ընթանում է Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Այդ հարաբերությունները կարևոր են նաև կառույցի անդամ շատ երկրների հետ երկկողմ (մասնավորապես՝ պաշտպանության և անվտանգության ոլորտի) հարաբերությունների զարգացման տեսանկյունից»:

ԱԱԽ քարտուղարը նշել է, որ վեց տարի է՝ գործում է ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, որը ղեկավարում է անձամբ, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկված են պետական կառավարման այն մարմինները, որոնց գործունեությունն այս կամ այն կերպ առնչվում է ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանը:

«Հաջողությամբ իրագործվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2011-2013 թվականների ծրագիրը: Հայաստանի Հանրապետությունը և ՆԱՏՕ-ն համագործակցում են ժողովրդավարության, պաշտպանության և արտակարգ իրավիճակների ոլորտները ինստիտուցիոնալ բարեփոխելու շուրջ և զարգացնում այն Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախանշված հիմնական ուղղություններով: Դրանք ներառում են քաղաքական երկխոսության, պաշտպանական բարեփոխումների, արտակարգ իրավիճակների կառավարման, կիբեռանվտանգության ոլորտները: Կարևոր են նաև տարածաշրջանային անվտանգության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, բարեփոխումների թափանցիկության, ահաբեկչության և կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հարցերի վերաբերյալ խորհրդատվությունները»,- նշել է Արթուր Բաղդասարյանը:

Անդրադառնալով տարածաշրջանին՝ ԱԱԽ քարտուղարն ասել է, որ Հայաստանի համար կարևոր է կայուն տարածաշրջանը. «Տարածաշրջանն այսօր բարդ իրավիճակում է, որտեղ ՀՀ-ն հանդես է գալիս առկա խնդիրները փոխընդունելի փոխզիջումների միջոցով կարգավորելու օգտին: Դա ավելի ընդունելի է, քան անխոհեմ առճակատումը: Մենք մեր հարևանների հետ պետք է կարողանանք հաստատել ապագային միտված հարաբերություններ»:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հնարավորություն կտա ոչ միայն մեր տարածաշրջանին բերել խաղաղություն, այլև միասին՝ բարեփոխումների միջոցով, տարածաշրջանը զարգացնել, սակայն թուրքական կողմից գործնական քայլեր չեն երևում, բացի հնչող հայտարարություններից: Սակայն, ըստ նրա, ՀՀ-ն շարունակում է հստակ շարադրել իր մոտեցումը, այն է՝ ՀՀ-ն պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների. սա է ապագայի ճանապարհը: Այս հարցում, ԱԱԽ քարտուղարի բնորոշմամբ, կարևոր է միջազգային գործընկերների ըմբռնումը:

«ԼՂ հիմնախնդրի շուրջ պետք է կարողանանք փոխընդունելի լուծում գտնել: Տեսնում ենք Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ քաղաքականությունը, տեսնում ենք լուրջ հակահայկական քարոզչություն, ինչը մեզ համար մտահոգիչ է: Մենք մեր ժողովրդին չենք տրամադրում պատերազմի»,- նշել է Արթուր Բաղդասարյանը:

ԱԱԽ քարտուղարը խոսել է նաև Վրաստանի հետ հարաբերությունների կարևորության մասին: Նա նշել է, որ Վրաստանը բարենպաստ դիրք է գրավում տարածաշրջանում. «Վրաստանի հետ գործակցությունը շարունակվելու է հիմնվել բարիդրացիական հարաբերությունների վրա, Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ երկխոսությունը զարգացնել բոլոր ուղղություններով: Մենք պարտավոր ենք մեկս մյուսին աջակցելով առաջ գնալ և տարածաշրջանում խաղաղություն ստեղծել: Վրաստանը կարևոր է նաև խոշոր հայկական համայնքով: Կարևոր ենք համարում, որ Վրաստանը կարողանա շարժվել բարեփոխումների իր օրակարգով, ունենա ՌԴ-ի հետ կառուցողական հարաբերություններ, քանի որ մենք հանդես ենք գալիս համադրման քաղաքականության դիրքերից»:

Արթուր Բաղդասարյանը խոսել է նաև Հայաստան-Իրան հարաբերությունների մասին. «Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին շրջանի կառուցողական ընթացքը և դրա արդյունքում առկա լարվածության թուլացումը նպաստում է տարածաշրջանում կայունության ապահովման և համագործակցության ծավալման հեռանկարին, հետևաբար՝ լիակատար աջակցություն է ստանում Հայաստանի Հանրապետության կողմից», -իր ելույթը եզրափակել է Արթուր Բաղդասարյանը:

Կոնֆերանսին ելույթներով են հանդես եկել տարածաշրջանի և աշխարհի բազմաթիվ երկրներից հրավիրված փորձագետներ և հետազոտողներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]