Տնտեսություն

ԿԲ-ում տեղի ունեցավ միջբանկային օրացույցների մրցույթի հաղթողների պատվոգրերի հանձնումը

2 րոպեի ընթերցում

ԿԲ-ում տեղի ունեցավ միջբանկային օրացույցների մրցույթի հաղթողների պատվոգրերի հանձնումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ տարին անընդմեջ իրականացվող միջբանկային օրացույցների մրցույթին այս տարի մասնակցել է հայաստանյան 16 բանկ, որոնցից մրցանակային տեղեր են զբաղեցրել երեքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 26-ին Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում տեղի ունեցավ մրցույթի հաղթողների պատվոգրերի հանձման հանդիսավոր արարողությունը: ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, մրցույթի հանձնաժողովի նախագահ Օլեգ Աղասյանը ողջունեց ներկաներին և պատվոգրեր հանձնեց առաջին տեղը զբաղեցրած «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ», ապա համապատասխանաբար` երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած «Հայէկոնոմ» և «Արցախ» բանկերի ներկայացուցիչներին: Նրա խոսքով` օրացույցների գնահատման համար հաշվի են առնվել երկու հիմնական չափանիշներ` առաջինը բովանդակությունն է` ինչ աշխատանքներ են կատարվել բանկի կողմից, և երկրորդը` օրացույցի գեղարվեստական լուծումները:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև մրցույթը կազմակերպած Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Լաուրա Հակոբյանը: Տիկին Հակոբյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն է ակտիվացնել փոխգործակցությունը բանկային համակարգի աշխատողների միջև և ներկայացնել տարվա ընթացքում բանկերի կողմից մարկետինգի ոլորտում կատարած աշխատանքները:

«Մեզ համար շատ կարևոր է նաև ծանոթանալ բանկային համակարգի աշխատողների աշխատանքային առօրյային, նրանց հուզող խնդիրներին, որպեսզի իրենց օգնելու նպատակով այդ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներ ներգրավենք մեր հետագա ծրագրերում»,- ասաց նա:

Միջոցառման մասնակիցների և հյուրերի համար կազմակերպվեց նաև շրջայց ԿԲ-ի թանգարանով, որի ընթացքում հյուրերը ծանոթացան դրամի ստեղծման պատմությանը և էվոլուցիային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում