Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ֆիլհարմոնիկ նվագախումբը մեծ ծրագրեր ունի այս տարվա համար

Ֆիլհարմոնիկ նվագախումբը մեծ ծրագրեր ունի այս տարվա համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համար 2014 թվականը կլինի մի շարք կարևոր ձեռքբերումների և նվաճումների տարի: Նվագախումբը շրջագայություններ կունենա մի քանի երկրներում, ինչպես նաև գերմանական հայտնի ընկերության նախաձեռնությամբ կթողարկի նոր ձայնասկավառակ: Բացի դրանից, Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը մի շարք անակնկալներ է խոստանում: Շատերն են պնդում, որ վերջին տարիներին նվագախումբը մեծ հաջողություններ է արձանագրել, որոնք հիմնականում ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի և ֆիլհարմոնիկի երաժիշտների ամենօրյա աշխատանքի և նվիրումի արդյունքն են: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց մաեստրո Թոփչյանի հետ ֆիլհարմոնիկի հաջողությունների, այս տարվա ծրագրերի, շրջագայությունների և այլ հարցերի շուրջ:

-Մաեստրո, 2013 թվականն ինչո՞վ էր յուրահատուկ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համար: Ի՞նչ ձեռքբերումներ, հաջողություններ ունեցավ նվագախումբը նախորդ տարի:

-2013-ին նվագախմբի մակարդակը բավականին բարձրացավ: Ընդհանրապես, վերջին տարիներին իմ և բազմաթիվ այլ մասնագետների կարծիքով, նվագախումբը լուրջ աճի տեմպեր է արձանագրում, և սա ինձ գոհացնում է ու աշխատանքը շարունակելու ուժ տալիս: 2013 թվականին ունեցանք լեգիոներ երաժիշտներ, որոնց մասին տարիներ շարունակ խոսում էինք. նրանք նվագախումբ բերեցին իրենց գույնը և եվրոպական որոշ ավանդույթներ: ԱՄն-ում հիմնադրամ ունեցանք, սպասում ենք, որ այն պետք է մեծ թափով գործի: Տարվա վերջում, սակայն, «անակնկալ» եղավ.  Չինաստանի մեր հյուրախաղերը չստացվեցին և տեղափոխվել են 2014 թվական: Այնուամենայնիվ, ելույթներ ունեցանք բազմաթիվ հայտնի մենակատարների հետ, ում տարիներ շարունակ ձգտում էինք բերել Հայաստան: Դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխի հետ բացառիկ CD ենք ձայնագրել` Մոցարտի ստեղծագործություններով: Ֆիլհարմոնիկի կյանքում մեծ իրադաձություն էր նաև Բրուքների վերջին սիմֆոնիաների կատարումը: Ինձ համար ձեռքբերումները ստեղծագործական են: Ես ցանկանում եմ, որ նվագախումբը հասնի համաշխարհային բարձր մակարդակի:

-Նոր ձայնասկավառակը ե՞րբ է ներկայացվելու հանրությանը: Մոցարտի ո՞ր գործերն են ներառված CD-ում:

-Գարնան սկզբին մենք այն արդեն կներկայացնենք, վերջնական տարբերակն արդեն մեզ մոտ է: Շատ բարձր մակարդակով է արված, ավելին, քան ես էի սպասում: Այն ներառում է Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» և «Դոն Ժուան» օպերաների նախերգանքները, ինչպես նաև 6-րդ և  13-րդ դաշնամուրային կոնցերտները:  Ուրախ եմ, որ գերմանական ընկերությունը մեզ հետ ցանկացավ Մոցարտ ձայնագրել: Հայ երաժիշտներին այսօր սովորաբար ընկալում են որպես միայն հայկական երաժշտություն կատարող, չնայած մենք դրա համար էլ ենք ուրախ: Հույս ունենք նույն ընկերության հետ ձայնագրել Արամ Խաչատրյանի երկրորդ սիմֆոնիան: Ձեռքբերումները շատ են, պետք է աշխատենք, և գուցե ավելի շատ լինեն:

-2014-ը Ֆիլհարմոնիկն արդեն պատմական համերգով է սկսել: Օրեր առաջ երաժիշտները ելույթ ունեցան լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու հետ:

-Պենդերեցկին ինձ համար այսօր ապրող ամենամեծ կոմպոզիտոր ու երաժիշտն է: Մեզ մոտ «շնորհքով», «ընդունակ», «տաղանդավոր», «հանճարեղ» գաղափարները մի տեսակ խառնվել են իրար: Օրեր առաջ մի հայ դիրիժորի մասին կարդացի, գրված էր «հանճարեղ» : Հանճարեղ բառը չի կարելի օգտագործել որևէ դիրիժորի մասին: Կլաուդիո Աբադոն, ով ամենամեծ դիրիժորներից էր, ևս հանճարեղ չէր, նա բացառիկ տաղանդի տեր լեգենդար դիրիժոր էր: Հանճարեղը Բեթհովենն է: Պենդերեցկին էլ է հանճարեղ: Կատարողը ևս հանճարեղ չի կարող լինել, կարող է լինել տաղանդավոր: Մենք այդ ամենը խառնում ենք: Պենդերեցկու դեպքում մենք կարող ենք ասել, որ մեր կողքին իսկական հանճար էր: Նա այսօրվա Բրամսն է: Մեզ համար մեծ ոգևորություն էր զրուցել նրա հետ, կատարել նրա երաժշտությունը: Նա ղեկավարեց մեր նվագախումբը, շատ գոհ մնաց և ասաց, որ Ֆիլհարմոնիկը շատ բարձր մակարդակ ունի: Մենք հատուկ այնպես էինք արել, որ իր երկրորդ սիմֆոնիան փորձելիս նա չմասնակցի ոչ մի փորձի, որովհետև ցանկանում էինք, որ կատարումն իր համար անակնկալ լինի: Պենդերեցկին ասաց, որ իր սիմֆոնիան լրիվ այլ կերպ տեսավ և նշեց. «Դուք ավելի լավ կատարեցիք, քան ես էի գրել սիմֆոնիան» : Այս սիմֆոնիան հանճարեղ է, և մենք ուրախ ենք , որ նա հավանեց մեր կատարումը:

-Այս տարի Ֆիլհարմոնիկն ի՞նչ  անակնկալներ կմատուցի երաժշտասերներին, առաջիկայում ի՞նչ համերգներ են սպասվում:

-Փետրվարի 11-ին և 13-ին Հասմիկ Պապյանի հետ կներկայացնենք «Տոսկա» օպերան: Այս բարդ և շատ սիրված ստեղծագործությունը վաղուց չէր հնչել Հայաստանում, ուրախ եմ, որ Հասմիկ Պապյանի հետ պետք է այն իրականացնենք: Բացի դրանից, փետրվարի 15-ին կնշենք Արամ Սաթունցի 100 ամյակը:

-Փետրվարի 19-ին Ֆիլհարմոնիկն իր հարգանքի տուրքը կմատուցի լուսահոգի Կլաուդիո Աբադոյի հիշատակին և կկատարի Վերդիի «Ռեքվիեմը»: Մաեստրո, Դուք Աբադոյին ճանաչո՞ւմ էիք:

-Ես ոչ միայն նրան ճանաչում էի, նրա հետ 5 տարի շփվել եմ: Իրավունք ունեի մասնակցել նրա փորձերին, մոտենում էի փորձերից հետո նրան և հարցեր էի տալիս: Շատ հումանիստ և բարի մարդ էր, բայց այնքան էլ շփվող չէր: Վերդիի «Ռեքվիեմը» նա կատարել է բազմիցս, ես ներկա եմ եղել այդ ստեղծագործության 7 փորձերին և 3 համերգներին:  Երբ «Ռեքվիեմը» կատարում եմ, ինձ թվում է, թե Աբադոն իմ հետևից ինձ ասում է` «այսպես արա, այնպես արա», և ես լսում եմ նրա ձայնը: Ես 2000 թվականից գիտեի, որ նա հիվանդ է, բայց Աստծոն շնորհակալություն եմ հայտնում, որ նա դրանից հետո 14 տարի ապրեց: 14 տարիների ընթացքում նա շատ նվաճումներ ունեցավ: Ծանր է, որ նա չկա: Առանց Աբադոյի դժվար է լինելու:

-Այս տարի նվագախումբը շրջագայություններ կունենա՞:

-Երկու կարևոր շրջագայություն ունենք: Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 4-ը ելույթներ կունենանք Սլովենիայում և Իտալիայում, իսկ հոկտեմբերի 4-14-ը`  Ավստրիայում, Իտալիայում և Գերմանիայում: Վերջին տարիներին արտասահմանում չենք եղել հիմնականում ֆինանսական պատճառներով: Մինչև 2016 թվականն իրար հետևից ծրագրած հյուրախաղեր ունենք, որոնց նպատակն, ըստ իս, նվագախումբն արտասահմանում ներկայացնելն է և մեր այսօրվա վիճակը ցույց տալը: Շրջագայությունների ընթացքում հիմնականում կներկայացնենք հայկական և ռուսական գործեր` Խաչատրյան, Շոստակովիչ, Չայկովսկի: Այնուհետև Գերմանիայում կկայանա մեր ձայնասկավառակի շնորհանդեսը:

-Գաղտնիք չէ, որ Ֆիլհարմոնիկը պարբերաբար ելույթներ է ունենում անվանի բազմաթիվ մենակատարների հետ: Այս տարի ինչպիսի՞ կատարողներով կզարմացնի մեզ նվագախումբը:

-Շատ մենակատարներ են լինելու, հատկապես` Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնին: Նույնիսկ խնդիր ունենք, թե մի քանիսին ինչպես մերժենք: Այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Իզաբել Ֆաուստը և Կիրիլ Գերշտեյնը, ում հազիվ կարողացանք բերել Հայաստան, մեզ ասում են, որ կրկին գալու են մեր երկիր: Մենք ուրախ ենք դրա համար:

-2013-ի սկզբին Դուք հայտարարեցիք, որ ցանկություն ունեք Հայաստանում բացել ֆիլհարմոնիկի դպրոց-ակադեմիա: Ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ  ուղղությամբ:

-Մինչև հիմա առկա է մի խնդիր. մենք հարմար տարածք չենք գտնում: Պատկերացրեք, որ հովանավոր արդեն ունենք. Հայկական բարեգործական ընդհանուր միությունը պատրաստ է իրականացնել ծրագիրը: Մենք նույնիսկ արդեն գիտենք, թե ով է դասավանդելու դպրոցում: Իմ նպատակն ինչ-որ դպրոց ունենալը չէ, քանի որ դա ինձ համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինի: Պարզապես կցանկանամ, որ մեր երկրում կիրթ երաժիշտներ դաստիարակվեն:

-Մաեստրո, ըստ Ձեզ, մենք այսօր երիտասարդ լավ երաժիշտներ ունե՞նք:

-Գուցե մի քանիսը կան, բայց ապագայում ֆիլհարմոնիկն ու օպերային նվագախումբը ապահովելու համար բավարար երաժիշտներ չունենք: Պետք է փորձել կրթել 5 տարեկանից: Լավ կլիներ, եթե այսօր խորհրդային ժամանակների մի քանի երաժշտական դպրոց ունենայինք, ինչպես նախկինում Չայկովսկու կամ Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցներն էին:

Մենք տաղանդավոր ազգ ենք, ինչպես եղել ենք, սակայն ինչ-որ հանգամանքների պատճառով որակյալ երաժիշտներ քիչ ունենք:

 

Հարցազրույցը` Ռոզա Գրիգորյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am