Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Դավութօղլուի երևանյան այցի իրական ու քարոզչական սպասելիքները. վերլուծություն

Դավութօղլուի երևանյան այցի իրական ու քարոզչական սպասելիքները. 
վերլուծություն

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկելիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդի նիստին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի մասնակցությունը որոշակիորեն ստվերել է անգամ բուն հավաքի նշանակությունը և լրատվամիջոցների ու փորձագիտական հանրության ուշադրությունը կենտրոնացրել առկախված հայ-թուրքական հարաբերությունների ու դրանց վերսկսման սպասվող հնարավորության վրա: Բնականաբար, թուրքական (ինչպես նաև ադրբեջանական) և հայկական շրջանակները, Դավութօղլուի այցը դեռ չսկսված, դրա մասին արմատապես տարբեր կարծիք ու կանխատեսում են անում:

Այսպես, թուրքական լրատվամիջոցներն ու փորձագետներն այցն աշխատանքայինից փորձում են բարձրացնել պաշտոնական մակարդակի՝ պնդելով, թե Դավութօղլուն ժամանում է Երևան՝ ոչ միայն մասնակցելու խորհրդի նիստին, այլև ստանձնել է հատուկ առաքելություն՝ պատրաստվում է ՀՀ նախագահին փոխանցել Թուրքիայի նախագահի ուղերձը և հանդիպել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Դավութօղլուի այցի հաստատումից հետո, երբ փորձագիտական հանրությունը հույս հայտնեց, թե հարաբերությունների կարգավորման շատ ավելի նպաստավոր պայմաններ կստեղծվեն, քան ցյուրիխյան արձանագրությունները ստորագրելիս, հենց Դավութօղլուն Անկարայում հանդես եկավ մի շարք սադրիչ հայտարարություններով, որոնք անմիջապես բացառեցին կարգավորման նվազագույն հնարավորությունը:

Նախ, հավատարիմ իր նեոօսմանական քաղաքականությանն ու Ադրբեջանին նվիրվածությանը՝ Դավութօղլուն կապակցեց հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ նշելով, թե իր երևանյան այցի ընթացքում հանդես է բերելու այդ համատեղ փաթեթի կարգավորման նախաձեռնություն: Ըստ էության, թուրքական դիվանագիտությունը հավատարիմ է մնում դեռևս նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի առաջ քաշած այն թեզին, թե մի քանի գրոշանոց հայ-թուրքական սահմանի բացման համար ինքն Ադրբեջանի հետ հարաբերությունները չի զոհի: Մասնավորապես, ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի, Սարգսյանի և Ալիևի հանդիպումը, Էրդողանի այցը Մոսկվա, Հայաստանում և Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները թույլ են տալիս նախաձեռնել կարգավորման նոր սցենարներ: Թուրքիան էլ, ըստ Դավութօղլուի, կարգավորման գործն իր վրա է վերցնում:

Թուրքական մամուլն, ի դեպ, կենտրոնանում է այցի մի քանի դրվագային, առաջին հայացքից՝ անկարևոր հանգամանքների վրա: Նախ, խորհրդանշական է, որ Դավութօղլուն Երևան է ժամանում հենց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, քանի որ Թուրքիայում միակ հայ դիվանագետն աշխատում է հենց այդ կառույցում: Ապա, ըստ թուրք վերլուծաբանների, Դավութօղլուին ԱՄՆ կատարած վերջին այցի ընթացքում են համոզել Երևան մեկնել: Վերջապես, չորս տարվա դադարից հետո սա կլինի հայ և թուրք դիվանագետների առաջին հանդիպումը: Հայկական փորձագիտական ու անգամ քաղաքական հանրությունն արդեն հասցրել է Թուրքիայի ԱԳ նախարարի այցը որակել որպես քաղաքական շոու, քանի որ այցից առաջ թուրքական կողմի կազմակերպած տեղեկատվական գրոհն ու դրա կապակցումն արցախյան հիմնահարցի հետ լուրջ սպասելիքների տեղ չեն թողնում: Մի քանի օր առաջ Դավութօղլուի այն հայտարարությանը, թե «Հայաստանը մեկուսացումից դուրս գալու համար պետք է հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ՀՀ-ն, իհարկե, պատասխանը չուշացրեց. փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը խորհուրդ տվեց Դավութօղլուին սադրիչ հայտարարություններ անելու փոխարեն Երևանում գտնվելիս այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ընդհանուր առմամբ, ո՛չ պաշտոնական Երևանն ու ո՛չ էլ հայ փորձագետները պատրանքների մեջ չեն սպասվող այցի վերաբերյալ և լուրջ հույսեր չեն փայփայում: Ավելին, նշվում է, որ Դավութօղլուն անկեղծ չէ իր արտահայտություններում, անգամ նրա այցը Երևան բխում է ընդամենը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պաշտոնական Անկարայի որդեգրած մերձեցման քաղաքականությունից: Այսպես, Ադրբեջանն այդ նիստում ներկայացված է ընդամենը ԱԳՆ-ի բաժնի պետի մակարդակով, մինչդեռ Թուրքիայի պատվիրակության ներկայացուցչական բնույթը մեկ նպատակ ունի՝ աշխարհին ցուցադրել Թուրքիայի «բարի կամքի դրսևորումը» և հարաբերություններն իբր առանց նախապայմանների կարգավորելու ձգտումը:

Թուրքիան և՛ լրջորեն նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ Հայաստանի նկատմամբ նախաձեռնողական քայլեր վարելով, և՛ արտաքին աշխարհից լուրջ ճնշման ներքո է՝ կարգավորելու հարևանի հետ հարաբերությունները: Բոլոր կանխատեսումներով՝ առաջիկայում ևս Ադրբեջանը կշարունակի պաշտոնական Անկարային ստիպել իրենով պայմանավորել հնարավոր կարգավորումը: Այդ մասին բոլորովին վերջերս բարձրաձայնեց անգամ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, ով, ի համեմատ վարչապետ Էրդողանի և ԱԳ նախարար Դավութօղլուի, աչքի է ընկնում համեմատաբար մեղմ դիրքորոշմամբ կամ, առնվազն, հռետորաբանությամբ: Նա հայտարարեց, թե Հայաստանն ու Թուրքիան դարձել են հայ-թուրքական հարաբերությունների պատանդը, իսկ խնդրի լուծման բանալին Բաքվում է: Ադրբեջանի տնտեսական ներկայությունն ու ներդրումների քանակը Թուրքիայում հասել է աննախադեպ չափերի: Բաքուն սկսել է ներդրումներ կատարել ոչ միայն էներգետիկ նախագծերում, այլև գնում է հեռարձակող լրատվամիջոցներ, ինչը որոշակիորեն նյարդայնացնում է հենց թուրքերին:

Այսպիսով, ոչ միայն ռազմաքաղաքական, այլև էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում ռազմավարական գործընկերոջը հիասթափեցնելու որևէ քայլ Թուրքիան առաջիկայում չի նախաձեռնի:

Դավիթ Սարգսյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am