Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Թբիլիսիում հանդիսավորությամբ բացվել է Միքայել Արամյանցի հուշատախտակը

Թբիլիսիում հանդիսավորությամբ բացվել է Միքայել Արամյանցի հուշատախտակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ հոկտեմբերի 24-ին Թբիլիսիում կայացել է մեծ բարերար և տաղանդավոր գործարար Միքայել Արամյանցի հուշատախտակի բացման արարողություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում Վրաստանի դեսպանատնից, միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: ՀՀ դեսպանը, մասնավորապես, նշել է. «Միքայել Արամյանցի կյանքի ու գործունեության հիմնական նպատակներից մեկը եղել է բարեգործությունը բոլոր այն ուղղություններով, որոնցում հանրային կյանքը լուրջ հիմնախնդիրներ ուներ՝ առողջապահություն, կրթություն, մշակույթ կամ պարզապես դժվարության մեջ գտնվող անհատը:

Թիֆլիսյան հասարակությունը, քաղաքային իշխանությունները, հավուր պատշաճի գնահատեցին նրա բարեգործությունն ու վաստակը՝ Միքայել Արամյանցին շնորհելով Թիֆլիսի պատվավոր քաղաքացու կոչում, որն այդ ժամանակներում դժվար վաստակվող, իր մեջ մեծ պատասխանատվություն ունեցող կոչում էր: Իսկ այն, որ 1918 թվականի մայիսի 28-ին հայ ժողովրդի համար թերևս ամենաբախտորոշ որոշումը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը տեղի ունեցավ հենց Միքայել Արամյանցի տանը՝ Թիֆլիսի Սերգիևսկի 4 հասցեում՝ հիրավի հպարտանալու փաստ է:

Արամյանցի կյանքի վերջին տարիները դաժան էին ու ողբերգական դրվագներով լի: Միքայել Արամյանցը հակառակ իր ապրած կյանքին և կատարած բարեգործությանը, մնացել էր լքված հասարակության կողմից, սակայն նա չհեռացավ իր հարազատ Թիֆլիսից: Միայն բարի սրտի տեր, մեծ հոգի ունեցող, վաստակել կարողացող անձնավորությունն է,որ կարող է գործ ստեղծել, բիզնես հիմնել, ժամանակից առաջ ընկնել, բարիք գործել, մնալ պատմության մեջ, այնտեղից երբեք դուրս չգալու պայմանով»:

Հովհաննես Մանուկյանը Միքայել Արամյանցի հուշատախտակի բացման փաստը գնահատել է որպես մեծ հայորդու ժառանգության թեկուզ աննշան և ուշացած գնահատանք, սակայն կարևոր սկիզբ թբիլիսաբնակ մեր մեծերի հիշատակի անմահացման ճանապարհին: Նախաձեռնության բարձր գնահատանքի խոսքով է հանդես եկել նաև Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչ Մամուկա Կացառավան:

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Թբիլիսիի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմը, վրաց և հայ մշակութային ու հասարակական գործիչներ, Վրաստանի հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ:

Մեծանուն հայազգի թիֆլիսաբնակ հասարակական և մշակութային գործիչների հուշաքարերի տեղադրման նախաձեռնությունը կրելու է շարունական բնույթ: Միքայել Արամյանցը ծնվել է 1843թ. մայիսի 4-ին, Լեռնային Ղարաբաղի Քյաթուկ գյուղում:

Թիֆլիսի Ազգային բարեգործական ընկերության հիմնադիրն է։ Ալեքսանդր Մանթաշյանի մտերիմ ընկերն ու գործընկերը։ Մանթաշյանի հետ Բաքվում զբաղվում էր նավթարդյունաբերությամբ և առաջիններից էր, որ իր կապիտալի մեծ մասը տեղափոխեց Բաքու` նավթը երկաթուղով, ցիստեռններով տեղափոխելու համար։ Եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը։ Աջակցել է Թիֆլիսի նշանավոր «Արամյանցի հիվանդանոցի» (ներկայումս Թբիլիսիի թիվ 1 կլինիկական հիվանդանոց) կառուցմանը:

Արամյանցը մեկենաս էր՝ հրատարակչական գործերի: Թիֆլիսում բացել է «Էսպերանտո» տպարանը, ուր բացարձակ անվճար տպագրում էր հայ գրողների ստեղծագործությունները:

1912-1915թթ. Թիֆլիսում կառուցել է «Մաժեստիկ» հյուրանոցը՝ ներկայիս Մարիոթ Թբիլիսի, որն իրավմամբ ո՛չ միայն Թբիլիսիի, այլ ողջ Կովկասի շքեղաշուք շինություններից է: Հյուրանոցը կառուցողը անվանի ճարտարապետ, Վրաստանի վաստակավոր շինարար Գ. Տեր-Մելիքովն էր: Մ. Արամյանցը Թիֆլիսի Գամովսկի փողոցում կառուցեց «Պալաս Օտելը», որ վերակառուցվեց կինոթատրոնի և ստացավ «Արֆաստո» անունը: Այս շինությունը հետագայում ծառայեց որպես «Սպարտակ» կինոթատրոն, ապա և մինչ օրս Վրաստանի Պետական Թատերական ինստիտուտ:

1922թ. դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը, լքված բոլորի կողմից և զրկված ամեն ինչից, իր բռնագրավված տանը իրեն հատկացված նկուղային սենյակում կնքեց իր մահկանացուն մեծ բարերար և տաղանդավոր գործարար Միքայել Արամյանցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am