Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը կշարունակվի և կընդլայնվի. ԵՄ պաշտոնյա

Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը կշարունակվի և կընդլայնվի. ԵՄ պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ, սակայն պետք է հաշվի առնի նաև Մաքսային միությանը միանալու նրա որոշումը: Այս մասին հոկտեմբերի 22-ին ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 14-րդ նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության` Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը: «Մինչ Վիլնյուսի գագաթնաժողովը շատ քիչ ժամանակ է մնացել, և մենք այստեղ ենք, որպեսզի քննարկենք Հայաստան-Եվրամիություն համագործակցության ապագան և լուծումներ գտնենք ստեղծված իրավիճակից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

«Ես միայն կարող եմ վստահ ասել, որ համագործակցությունը կշարունակվի և կընդլայնվի, իսկ համագործակցության ձեւաչափի հարցը, հնարավոր է, քննարկվի Վիլնյուսում»,- ասաց նա: Նա նշեց, որ երևանյան նիստի ընթացքում կողմերը կքննարկեն Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում ՀՀ-ԵՄ համագործակցությունը, առևտրատնտեսական և երկկողմ հարաբերությունների ապագային առնչվող հարցեր: «Օրակարգում ներառված է նաև օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների հիմնարար ազատություններին, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համագործակցությանը»,- մասնավորեցրեց նա:

1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական Համայնքների և նրա անդամ պետությունների միջև կնքվել է Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 1999թ.-ի հուլիսից: Համաձայնագրի 83-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է Համագործակցության կոմիտե, որի նիստերը գումարվում են տարին մեկ անգամ ռոտացիոն կարգով՝ Երևանում կամ Բրյուսելում: Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ: Միաժամանակ, ՀՀ նախագահը նշել է, որ Մաքսային միությանը միանալու որոշումը եվրոպական կառույցների հետ երկխոսությունից հրաժարում չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am