Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանն ինձ համար սուրբ է. Դմիտրի Խվորոստովսկի

Հայաստանն ինձ համար սուրբ է. Դմիտրի Խվորոստովսկի

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս հռչակավոր բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին սեպտեմբերի 29-ին ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ`«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում: Այս բացառիկ համերգին ՀԽՖՆ-ը կղեկավարի դիրիժոր Կոնստանտին Օրբելյան-կրտսերը: Տոնական երեկոյի ընթացքում կհնչեն Վերդիի, Բելինիի, Վագների, Գլինկայի, Ռախմանինովի, Բիզեի, Դունաևսկու, Պախմուտովայի ստեղծագործությունները, հայ կոմպոզիտորներ Խաչատրյանի, Օրբելյանի և Բաբաջանյանի գործերը:

Համերգին ներկա կգտնվի նաև Կոնստանտին Օրբելյան-ավագը, ով այս տարի տոնում է իր ծննդյան 85-ամյա հոբելյանը: Մաեստրոն կնվագի «Կեչիների աղմուկը» ստեղծագործությունը:

«Շատ ուրախ եմ կրկին Հայաստան այցելել: Առաջին անգամ ես այստեղ եմ եղել 7 տարի առաջ: Ես շատ սիրեցի ձեր հողը, ամբողջ աշխարհում շատ հայ ընկերներ ունեմ, ձեր երկիրն ինձ համար սուրբ է: Շատ ուրախ եմ, որ ելույթ եմ ունենալու հիասքանչ նվագախմբի և իմ ընկերոջ՝ Կոնստանտին Օրբելյանի հետ: Մենք միասին մի քանի անգամ կտրել-անցել ենք այս մոլորակը: Հայաստան մի քանի ժամ առաջ եմ եկել, և միանգամից սկսել եմ համերգի փորձ անել: Տեսնում եմ, որ այստեղ շատ մաքուր է, գեղեցիկ և արևոտ: Մարդիկ շատ լավն են: Մենք եկել ենք Մոսկվայից, որտեղ զզվելի եղանակ է՝ շատ ցուրտ, իսկ այստեղ արևն է շողում ու տաք է»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Դմիտրի Խվորոստովսկին:

«Փառատոնը ևս մեկ հաղթանակ և բարձունք է գրանցում: Ուրախ ենք, որ այս մեծանուն և աշխարհահռչակ երգիչը հայկական հողի վրա է: Ուրախ ենք, որ այս բարձունքն էլ է հաղթահարվել»,- նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը:

Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Դմիտրի Խվորոստովսկին ծնվել է 1962 թվականին: Ելույթ է ունեցել բազմաթիվ հեղինակավոր համերգասրահներում և օպերային թատրոններում` Լոնդոնի «Քովենթ Գարդեն»-ում, Munich State Opera-ում, «Լա Սկալա»-ում, «Մետրոպոլիտեն Օպերա»-ում, «Կոլոն» և Մարիինյան թատրոններում և այլն: Վալերի Գերգիևի և Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ ձայնագրել է Մուսորգսկու «Մահվան երգերն ու պարերը» և Ռիմսկի-Կորսակովի «Արքայական հարսնացուն» ստեծագործությունները: Գեորգի Սվիրիդովի ստեղծագործությունների լավագույն կատարողներից է:

«Երևանյան հեռանկարների» 14-րդ համերգաշրջանն այս տարի մենկարկել է հռչակավոր` Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով: Այնուհետև հունիսին Երևանում և Վանաձորում ելույթ է ունեցել Գրեմմիի մրցանակակիր Էստոնիայի տղամարդկանց երգչախումբը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում վերջերս հանդես է եկել նաեւ «Հորտուս Մուզիկուս» խումբը: Սեպտեմբերի 12-ին փառատոնի շրջանակներում ելույթ ունեցավ Յուրի Բաշմետը` իր ղեկավարած «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am