Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Գերմանական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտով

Գերմանական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի 
հեռահաղորդակցության ոլորտով

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է  ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի և գերմանական «Ալպտելկո» ընկերության ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից, հանդիպման ընթացքում դեսպանը նշել է, որ ժամանակն է մտածել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գերմանական ընկերությունների հետ համագործակցություն ծավալելու մասին, ինչպես նաև, որ  գերմանական մի քանի ընկերություն, մասնավորապես  «Ալպտելկո» ընկերությունը հետաքրքրված են Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտով:

«Ալպտելկո» ընկերության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իրենց կազմակերպությունը ճարտարագիտական ծառայություններ է մատուցում հեռահաղորդակցության ոլորտում՝ դրանք համապատասխանեցնելով հաճախորդների պահանջներին, բիզնես գործընթացներին և ծրագրերին: Իր գործունեության ընթացքում ընկերությունը շեշտը դնում է տվյալների հաղորդման, ինտերնետ արձանագրության (IP), արբանյակային և անլար կապի լուծումների վրա:

Գագիկ Բեգլարյանը նշել է, որ ուրախ է, որ կան հեռահաղորդակցության ոլորտում Գերմանիայի հետ համագործակցության հնարավորություններ:

«Մենք պատրաստ ենք ոչ միայն կապի, այլև նախարարությանն առնչվող մյուս ոլորտներում ևս համագործակցել»,- ընդգծել է նախարարը:

Ռայներ Մորելը հետաքրքրվել է նաև Հայաստանի արբանյակային ծրագրին առնչվող մանրամասներով: Նախարարը նշել է, որ ստեղծվել է «Արմկոսմոս» ընկերությունը, և ծրագրի հետ կապված՝ առայժմ ընթանում են բանակցություններ:

Դեսպանը հույս է հայտնել, որ գերմանական ընկերությունները ևս հետաքրքրություն կցուցաբերեն Հայաստանի արբանյակային ծրագրի նկատմամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am