Հասարակական

Կրոմվել Գրիգորյանը փաստաբանական ոլորտում լուրջ բացթողումներ է նկատում

3 րոպեի ընթերցում

Կրոմվել Գրիգորյանը փաստաբանական ոլորտում լուրջ բացթողումներ է նկատում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փաստաբանների պալատի նախագահի` սեպտեմբերի 14-ին կայանալիք ընտրությունները լուրջ հեռանկարներ կստեղծեն փաստաբանական ինստիտուտի զարգացման ու կայացման համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Կրոմվել Գրիգորյանը` համոզմունք հայտնելով, որ իր գործընկերներն ընտրությանը կմասնակցեն պատասխանատվության բարձր զգացումով, առանց տուրք տալու որոշ անձանց նեղ անձնային շահերին: Նրա խոսքով, միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել թափանցիկ ու արդար ընտրությունների մասին:

Գրիգորյանը համոզված է, որ կընտրվի արժանի թեկնածուն, իսկ որոշ անձանց կողմից շրջանառության մեջ դրվող թեկնածուներից մեկի` «ընտրված» լինելու լուրը քարոզչական պարզ, վաղուց սպառված հնարք է: Պալատի արդյունավետ գործունեության համար, ըստ թեկնածուի, լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ:

«Գործող բյուրոկրատական համակարգն ի զորու չէ լուծել փաստաբանական ոլորտի առջեւ ծառացած խնդիրները: Ավելին, փաստաբանները մի տեսակ տարանջատված են, ինչն էլ խանգարում է մասնագիտական կարողությունների մեկտեղմանը, դրանց արդյունավետ օգտագործմանը` ի շահ իրավական պետության, փաստաբանական ինստիտուտի կայացման», - ասաց նա:

Գրիգրյանի կարծիքով, փաստաբանության դաշտում անցնող տարիներին ձեռքբերումներ արձանագրվել են, սակայն, կան նաեւ լուրջ բացթողումներ, որոնք չշտկելու դեպքում այս ինստիտուտը զարգացման հեռանկար չի ունենա, ավելին` կվտանգվի դրա կայացումը: Իսկ, որ պետության հզորացման հիմքում նաեւ արդարադատության համակարգի այս ճյուղն է կարեւորովում, Գրիգորյանի խոսքով, անառարկելի է:

Պալատի նախագահի թեկնածուն ակտիվ քարոզարշավի անցկացման կողմնակից է: «Քաջատեղյակ եմ մարզային գրասենյակների խնդիրներին, պատրաստվում եմ նաեւ հանդիպումներ ունենալ տեղերում եւ գործընկերներիս հետ քննարկել առաջնային խնդիրները, նախանշել դրանց լուծման եղանակները», - ասաց Գրիգորյանը:

Ընտրվելու դեպքում պալատի նախագահի թեկնածուն կնախաձեռնի օրենսդրական փոփոխություն` փաստաբանության մասին օրենքում, անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն փաստաբանների իրավական իրազեկվածության բարձրացման առումով: Պալատի արդյունավետ գործունեության նկատառումով կսերտացվի փաստաբանների եւ պալատի միջեւ կապը, հատկապես մեծ ուշադրություն կդարձվի մարզային գրասենյակներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում