Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արամ MP3 –ն ձայնասկավառակ կթողարկի

Արամ MP3 –ն ձայնասկավառակ կթողարկի

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի հումորիստ, հաղորդավար և արդեն սիրված երգիչ Արամ MP3-ն (Սարգսյան) այս տարի իր երկրպագուներին կներկայացնի իր անդրանիկ ձայնասկավառակը: Վերջերս երգիչը ներկայացրեց իր նոր` If I Tried երգի տեսահոլովակը և պատրաստվում է մինչև տարեվերջ ևս մեկ տեսահոլովակ նկարահանել: Արամ MP3-ի հետ «Արմենպրես»-ը զրուցեց նրա ծրագրերի, վերջերս կայացած համերգի և մարդկային տաղանդի մասին:

-Վերջերս Vitamin ակումբում մենահամերգով հանդես եկաք, ի՞նչ եք զգում մենահամերգից հետո:

-Մոտ 4 ամիս մենահամերգներով հանդես չէի եկել: Փոփոխեցի այս մենահամերգի ծրագիրը և ձևաչափը, հանդես եկա DJ-ի հետ: Մի քիչ վախենում էի` գուցե այս նորույթը չընդունվի, բայց հասկացա, որ երիտասարդությունը պատրաստ է նոր ոճին: Շատ ուրախ եմ, որ լավ անցավ, ինչ ակնկալում էի` ստացվեց: Հուսամ` ծրագիրը կզարգանա, և նոր երգերով հանդես կգանք: Շոու-մասնիկները կավելացնենք, որպեսզի հանդիսատեսը միշտ անակնկալներ տեսնի:

-Չե՞ք մտածել ավելի մեծ մասշտաբով համերգ կազմակերպելու մասին` ավելի մեծ դահլիճում:

-Մտածել ենք, բայց ցանկանում ենք ընդլայնել ծրագիրը, որպեսզի ես հանդես գամ սեփական երգերով: Հիմա աշխատում եմ ձայնասկավառակի վրա, արդեն վերջացնում եմ: Սեպտեմբերին ևս մեկ տեսահոլովակ կներկայացնենք` դեռ չգիտեմ, թե որ երգի հիման վրա:

-Ձայնասկավառակում ի՞նչ ոճի երգեր են լինելու:

-Դժվարանում եմ ասել, որովհետև փորձում եմ ստեղծագործել վերջին տեսահոլովակիս ոճով: Այդ ոճին դժվար թե բնորոշում գտնեմ, թող լինի այդպիսի ոճ /ծիծաղում է/: Փոփ և ռոք ժանրերի  երգեր էլ կլինեն: Ստեղծագործություններ կան, որոնք իրենց մեջ ներառում են սիմֆոնիկ երաժշտություն, փորձել ենք համադրել մի քանի ժանրեր: Հանդիսատեսն արդեն ինձ կասի, թե որն է իմ ոճը: Վստահ եմ, որ ինձ ճիշտ գնահատական կտան:

-Տաղանդավոր ծնվու՞մ են, թե՞ դառնում: Ձեր պարագայում ինպե՞ ս է:

-Մի տեսակ ամաչում եմ, որ նման հարցեր եք տալիս: Ինձ թվում է` տաղանդավոր ծնվում են, մարդու ներսից պետք է լինի տաղանդը: Հաճախ տաղանդները չեն բացահայտվում, որովհետև շրջապատը և ծնողները չեն նկատում երեխայի մեջ այդ տաղանդը, իսկ երեխան չի աշխատում գտնել իր տաղանդը: Բայց, բացահայտելուց հետո հասկանում է  իր կյանքի նպատակը: Ինձ թվում է` յուրաքանչյուրն ունի  տաղանդ: Պարզապես պետք է հայտնաբել այն, և կդառնաս աշխարհի ամենաերջանիկ մարդը:

- Ձեր ծնողնե՞րն են բացահայտել Ձեր տաղանդը:

-Ծնողներս լումա ունեն այդ հարցում, բայց ես ինքս եմ գտել իմ ճանապարհը: Եթե իմ ծնողների ցանկությամբ լիներ` ես կդառնայի դեղագետ և միգուցե հիմա աշխատեի դեղատանը:

-Մասնագիտությունն օգնում է Ձե՞ր գործում:

-Օգնում է այնքանով, որ որոշակի լարվածությունից եմ խուսափում: Մենք շատ հաճախ ենք հիվանդանում, քանի որ փորձերի մեջ ենք, գիշերները չենք քնում: Իսկ գիշերը չքնելն ամենավատ հիվանդությունների է բերում: Մասնագիտությունն օգնում է նաև այն իմաստով, որ գիտելիքներս թույլ են տալիս շրջապատիս խորհուրդ տալ խմելու այս կամ այն դեղը: Հակաբիոտիկ, միանշանակ, որևէ մեկին չեմ նշանակի:

-Դուք նմանակումներ եք անում, ֆիլմերում նկարահանվում, երգում եք: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում ամեն ինչ համատեղել և այդքան տաղանդավոր լինել:

-Շնորհակալություն, որ նման կերպ եք ինձ ներկայացնում: Մարդիկ կան , որ ինձ հաճախ են հարցնում` ինչու երգով չեմ զբաղվում: Մտածում եմ` ես մնացածն ավելի վա՞տ եմ անում: Չգիտեմ, միգուցե մոտս ավելի լավ երգն է ստացվում: Վերջերս մի քիչ ավելի շատ երգի վրա եմ ուշադրություն դարձնում: Մարդիկ մտածում են, որ այս տարիների ընթացքում ես երգի հետ կապված ոչինչ չեմ արել, բայց  բավականին երկար ժամանակ էի երգեր գրում:  Իրականում խնդիրն այն էր, որ հանրությունն ինձ ճանաչում էր որպես այլոց երգերի կատարող, իսկ  ինձ համար խնդիր էր այն, որ ես չէի սիրում իմ ձայնը: Բարդույթներ ունեի: Ես ինձ թերագնահատում էի, բավականին երկար ժամանակ հենց դրա վրա ծախսեցի, հետո ընկերներս օգնեցին ինձ: Փորձում եմ համատեղել ամեն ինչ: Երբեմն քնելու ցանկություն է առաջանում:

-Հումորիստների հետ հումորային իրավիճակներն ավելի հաճա՞խ են պատահում:

-Մենք փորձում ենք թեկուզ և լուրջ իրավիճակում հումոր գտնել: Մեր աշխատանքն է հենց ոչ հումորային իրավիճակում հումոր գտնելը:

-Նման իրավիճակները հաճա՞խ են դառնում ինչ-որ համարի հիմք:

-Իրականում համարների 90 տոկոսը կյանքում եղած դեպքեր են: Իրականությունը մի փոքր չափազանցնում ենք և դարձնում զվարճալի: Կարծում եմ, որ հումորը մեր ազգի պաշտպանական մեխանիզմներից է, եթե այն չլիներ, ավելի դժվար կլիներ: Որքան շատ ես ծիծաղում` այնքան ավելի երկար ես ապրում: Հումորային ժանրերի պակաս ունենք այսօր, կցանկանայի, որ բոլոր ժանրերում հիմորիստներ ունենայինք:

-Բեմում Ձեզ զգում եք ինչպես ձուկը ջրու՞մ:

-Ցանկացած ելույթից առաջ սարսափելի հուզվում եմ, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մենահամերգին: Այնքան եմ լարվում, որ կոկորդս սկսում է ցավել: Բայց դա լավ չէ, միշտ փորձում եմ ամեն ինչ լավ լինի: Երկրորդ երգից հետո հանգստանում եմ: Մյուս կողմից, լավ է, որ նյարդայանանում ես, նշանակում է, որ պատասխանատվությամբ ես վերաբերվում ամեն ինչին:

-Ո՞ւմ եք ամենաշատը սիրում նմանակել:

-Ռեյ Չարլզի նմանակումն էր ինձ մոտ շատ լավ ստացվում: Մի քանի այլ երգիչներ կան, ում լավ եմ նմանակում:

-Ձեր որդին ինչպե՞ս է: Հաջողվում է ժամանակ գտնել նրա հետ շփվելու համար:

-Տղաս ինձ չի տեսնում. իմ ամենամեծ խնդիրն այն է, որ չեմ հասցնում նրան ժամանակ տրամադրել: Զգում եմ, որ շատ է ինձ կարոտում:  

 

Զյուրցը վարեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am