Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում բացվեց լեհերենի կենտրոն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում բացվեց լեհերենի կենտրոն, որի բացմանը ներկա էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը նշեց, որ հայ-լեհական հարաբերությունների զարգացման հիմքում քաղաքակրթական արժեհամակարգային ընդհանրություններ են դրված, որին հասնելու մեթոդը կրթությունն ու գիտությունն է: «Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են լեհերենով, լեհ ժողովրդի պատմությամբ ու մշակույթով, այս կենտրոնի շնորհիվ ավելի շատ գիտելիքներ ձեռք կբերեն»,- ասաց նա:
ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը կարեւորեց կենտրոնի բացումն ու նշեց, որ այնտեղ կպատրաստվեն թարգմանիչներ, որոնց կարիքը այսօր կա: «Լեհաստանն այն երկրներից, է, որի հետ Հայաստանը մշտապես բարեկամական ձեր շփումների մեջ է»,-ասաց նա:
ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին նշեց, որ հայերի համար լեհերեն սովորելը շատ կարեւոր է: «Լեհաստանը Եվրոպայի կենտրոնում է գտնվում: Եվրոպական միության երկրների 10 տոկոսը խոսում է լեհերենով: Եթե դուք սովորեք լեհերեն, դուք կիմանաք եվրոպական միության պաշտոնական լեզուներից մեկը,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավելեց դեսպանը:
Լեհերենի կենտրոնը ծառայելու է լեհերենի ուսուցման տարածմանն ու լեհական մշակույթի մասին գիտելիքների խորացմանը:
Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում լեհերենի կենտրոնի բացումը կատարվեց Հայաստանում «Լեհական-օրեր»-ի շրջանակում: