Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Եռատոնի նախօրեին Սեյրան Օհանյանը վերհիշել է Շուշիի ազատագրման հաղթական դրվագները

Եռատոնի նախօրեին Սեյրան Օհանյանը վերհիշել է Շուշիի 
ազատագրման հաղթական դրվագները

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսյան եռատոնի կապակցությամբ հարցազրույց է ունեցել  մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Շուշիի ազատագրման մասին:

«Շուշիի բերդաքաղաքը հզոր հենակետ էր: Հինավուրց բերդաքաղաք, որը տեղակայված է բարձրավանդակում, և այն ազատագրելը և քաղաքի շուրջ բոլոր բլուրների վրա տեղակայված արդբեջանական կրակակետերը, հենակետերը ոչնչացնելն այնքան էլ դյուրին գործ չէր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա:

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ  Շուշիի ազատագրման գործընթացը սկսվել է դեռևս 1992 թվականի մարտ ամսից: Նա նշել է, որ իրենք այդ ողջ գործընթացն իրականացրել են ժամանակակից ռազմական գիտության պահանջների համաձայն: «Նախապատրաստվել օպերացիայի` նշանակում է ճիշտ հետախուզել հակառակորդին. ճիշտ հետախուզել նրա կազմը, նրա տեղակայման վայրերը, ուժերի և միջոցների համապատասխան հաշվարկներ իրականացնել, աշխատել և որոշել այն ուղիները, որոնցով մենք պետք է բարձրանայինք և ազատագրեինք»,-ասել է Օհանյանը:

Նա տեղեկացրել է, որ Շուշիի օպերացիայի նախապատրաստման պատրաստականությունը սկզբնական շրջանում մայիսի 2-ն էր դրված, բայց եղանակի պատճառով այն հետաձգվել է և վերջնական ժամկետ է որոշվել մայիսի 7-ը: Օհանյանն ընդգծել է, որ Շուշիի ազատագրումն ամենեւին էլ չէր սպասվում մայիսի 8-ին: 

Օպերացիայի իրականացման համար ընտրվել է 4 ուղղություն: Առաջինը եւ  գլխավոր հարվածի ուղղություննը եղել է հյուսիսը, այդ ուղղության ղեկավարն էր Վալերի Չիտչյանը: Երկրորդ՝ արևելյան ուղղությունը կրում էր «այլ հարված» անունը, դա Շուշիի ուղղությունն էր, որի ղեկավարը Ագու Կարապետյանն էր: Երրորդը հարավային ուղղությունն էր: Դա լայն շրջանցող հարված պետք է լիներ, որտեղ ղեկավարն էր Սամվել Բաբայանը, և որին էլ հանձնարարությունն էր տրվել դուրս գալով Զառսլու, Իսագուր բնագիծը, վնասազերծել այդտեղ տեղակայված բոլոր կրակակետերը և միևնույն ժամանակ մարդասիրական միջանցք ապահովել խաղաղ բնակչության դուրս գալու համար: Իսկ մյուս՝ հյուսիսարևմտյան կարևոր ուղղություններից մեկը շեղող հարվածն էր, որի ղեկավարը եղել է Սեյրան Օհանյանը: «Դրանք հյուսիսարևմտյան ուղղությամբ տեղակայված բավականին բարձր բարձունքներ էին խիտ անտառապատ տեղանքում, որտեղ տեղակայված էին բավականին լուրջ ուժեր: Այդ շեղող հարվածով ուժերի մի մասը մենք պետք է տեղափոխեինք այդ ուղղությամբ, որպեսզի հնարավորություն լիներ Շուշիի բերդաքաղաքը ազատագրել»,- մանրամասնել է Սեյրան Օհանյանը:

Ըստ նախարարի՝ իրենք ճիշտ ժամանակին են կարողացել կրակային խոցում իրականացնել: «Շուշիի բերդաքաղաքին մենք բոլորս ծանոթ ենք: Մագլցել այդ սարերը, ժայռերը, բարձրանալ իրենց բուն հենակետերը և ազատագրել քաղաքը բավական բարդ գործ է: Բայց միևնույն ժամանակ դա մեզ հպարտություն է բերում, որովհետև մեր հրամանատարների ճիշտ ղեկավարման, իրենց հմտությունների, ունակությունների, մեր զինվորների արագ շարժվելու, նրանց անձնուրացության, մեկը մյուսին աջակցելու, փոխարինելու շնորհիվ մենք կարողացանք իրականացնել այդ խնդիրը: Իրականացրինք, որովհետև կար նվիրում յուրաքանչյուր զինվորականի կողմից: Իրականացրինք, որովհետև գիտակցաբար էինք մենք գնում դրան, գնում էինք ապահովելու Արցախի  ներքին խաղաղ կյանքն ու արարումը:

Շուշիի ազատագրմամբ մենք ավարտեցինք ԼՂ հանրապետության ներսի բոլոր կրակակետերի վնասազերծումը, և պաշտպանության իրականացման, անվտանգության ապահովման հիմնական ուղղությունը տեղափոխվեց դեպի արտաքին շրջանակ, իսկ միասնաբար մտածելու շնորհիվ մենք կարողացանք նաև հետագայում տոնել հաղթանակներ»,-ասել է Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Շուշիի  ազատագրմամբ իրենք կապ հաստատեցին նաև մայր հայրենիքի՝ Հայաստանի հետ: Ըստ նրա՝ Լաչինի միջանցքի ազատագրումը շարունակությունն էր բոլոր այն կրակակետերի վնասազերծման, որոնք մեկուսացրել էին ԼՂՀ-ն Հայաստանից, և այդ միջանցքի ստեղծմամբ էր, որ հետագայում հնարավոր եղավ վերջնական հաջողություն ունենալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am