Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Տիգրան Դավթյանը հայ-իրաքյան համագործակցության լուրջ հեռանկարներ է տեսնում

Տիգրան Դավթյանը հայ-իրաքյան համագործակցության լուրջ հեռանկարներ է 
տեսնում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը սեպտեմբերի 6-ին ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարը հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ընթացքում նշեց, որ Հայաստանն առաջին անգամ է Իրաքից նման ներկայացուցչական պատվիրակություն ընդունում: «Պատվիրակության այցի շրջանակներում մեծ հատված է կազմում տնտեսական բաղկացուցիչը: Իրաքի հետ համագործակցությունը մեզ համար բավական լուրջ հնարավորություններ է ստեղծում, քանի որ Իրաքը մեր հարեւան երկիրն է, ունի բավական լուրջ զարգացման ծրագրեր, եւ կարծում եմ` Հայաստանն այստեղ պետք է անմասն չլինի»,- նշեց Դավթյանը:

Նա ընդգծեց, որ Իրաքը, լինելով խոշոր երկիր, ունենալով հսկայական շուկա, մեծ հետաքրքրություն պետք է ներկայացնի նախեւառաջ մեր արտահանողների համար: Նրանք պետք է կարողանան ներկայացնել մեր արտադրանքը: Նախարարի փոխանցմամբ` արդեն ոչ մեծ ծավալով այդ գործընթացները սկսվել են, եւ տեղի ունեցած հանդիպումը նոր հնարավորություններ կբացի տեղական կազմակերպությունների համար, իսկ իրաքցի մեր գործընկերներին` հնարավորություն կտա ծանոթանալու Հայաստանի Հանրապետության տնտեսական` ներդրումային եւ արտահանման հնարավորություններին: «Ես համոզված եմ, որ մեր համագործակցությունն ունի բավական լուրջ հեռանկարներ, եւ այս այցը մեծ չափով կնպաստի դրան: Մենք մտնում ենք լուրջ եւ մեծ աշխատանքի փուլ»,- նկատեց Դավթյանը:

Իրաքի փոխվարչապետը նշեց, որ իրենց այցի նպատակն է զարգացնել եւ խորացնել երկու երկրների միջեւ հարաբերությունները: «Մենք զգացինք, որ բարեկամ Հայաստանը ձգտում ունի Իրաքի հետ զարգացնել հարաբերությունները, հատկապես` տնտեսական ոլորտում: Հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը կլինի երկու պետությունների, ժողովուրդների օգտին»,- ասաց Շաուեյսը: Նրա խոսքով` տնտեսության, զբոսաշրջության, առեւտրի բնագավառներում երկու երկրների միջեւ լուրջ համագործակցություն կա: Փոխվարչապետը փոխանցեց, որ ծանոթանալով Հայաստանի տնտեսությանը` իրենք զգացին, թե ինչքան հնարավորություններ կան, եւ որ բոլոր ուղղություններով դրանցից պետք է հնարավորինս օգտվել:

«Մենք` Իրաքի պատվիրակության անդամներս, համոզված ենք, որ կարող ենք առաջ գնալ այս բնագավառում եւ միասնական ուժերով կարողանանք պատկերացնել այն իրավական դաշտը, որը մեր երկրներում թույլ կտա մեզ պաշտպանված զգալ: Պետք է կարողանանք ճիշտ ուղղություններ ընտրել եւ համատեղ աշխատել»,- ասաց Շաուեյսը:

Սեպտեմբերի 4-7-ը Հայաստանում է գտնվում Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսը` 35 հոգուց բաղկացած պատվիրակության ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում են Առետրի, Առողջապահության, Գյուղատնտեսության, Արդյունաբերության եւ ընդերքի, Մարդու իրավունքների նախարարները, Ներդրումների ազգային գործակալության եւ այլ պաշտոնատար անձիք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am