Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանն ու Հունգարիան ՄԱԿ-ում պետք է բարձրացնեն Ադրբեջանին ՄԱԿ-ի ԱԽ-ից հեռացնելու պահանջը. «Ժառանգություն»

Հայաստանն ու Հունգարիան ՄԱԿ-ում պետք է բարձրացնեն Ադրբեջանին 
ՄԱԿ-ի ԱԽ-ից հեռացնելու պահանջը. «Ժառանգություն»

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը եւ հատկապես Հունգարիան պետք է ՄԱԿ-ում բարձրացնեն Ադրբեջանին ՄԱԿ-ի ԱԽ-ից հեռացնելու եւ Ռամիլ Սաֆարովին Հաագայի միջազգային դատարանին հանձնելու պահանջները: Այս մասին ասվում է «Արմենպրես»-ին տրամադրած «Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարությունում, որում ասվում է. «Մարդասպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու արդյունքում Ադրբեջանի նախագահի կողմից կամայականորեն կասեցվել է արդարադատության իրացումը հանցագործի հանդեպ: Իլհամ Ալիեւի քայլը հակաիրավական է էությամբ, սադրանք է տարածաշրջանային կայունության համար եւ ֆանատիզմի ու մարդատյացության դրսեւորում է հայերի նկատմամբ:

Նման հակաիրավականության, սադրանքի եւ այլատյացության օրինակ տվող նախագահի առաջնորդության ներքո գտնվող երկիրը չի կարող ՄԱԿ-ի հռչակած արժեքների կրող համարվել եւ տեղ զբաղեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: «Ժառանգությունը» գտնում է, որ Հայաստանը եւ հատկապես Հունգարիան պետք է ՄԱԿ-ում բարձրացնեն Ադրբեջանին ՄԱԿ-ի ԱԽ-ից հեռացնելու եւ Ռամիլ Սաֆարովին Հաագայի միջազգային դատարանին հանձնելու պահանջները:

«Ժառանգությունը» գնահատում է միջազգային այն կառույցների, կառավարությունների, գործիչների արձագանքը, որոնք դատապարտել են Ադրբեջանի նախագահի իրավազուրկ կամայականությունը, նաեւ ափսոսանք է հայտնում, որ միջազգային այլ դերակատարներ կողմերին լոկ հանդարտության կոչ են արել` մակերեսային մոտեցում ցուցաբերելով խնդրին: Այդուհանդերձ, երկու պարագայում էլ պատշաճ անդրադարձ չի արվել ադրբեջանական պետության հակաժողովրդավար ու կոռումպացված էության ողջ մերկությամբ դրսեւորվելու փաստին:

Ըստ հունգարական որոշ հրապարակումների՝ Ադրբեջանը 2-3 միլիարդ դոլարի քողարկված կաշառք է առաջարկել Բուդապեշտին Սաֆարովի արտահանձնման դիմաց: Եթե երկրի նախագահը կարող է աղքատության մեջ գտնվող միլիոնավոր քաղաքացիների, ներառյալ փախստականների կարիքներն անտեսելով երեք միլիարդ դոլար մսխել մի մոլագար մտքի իրագործման համար, դա պետության չգոյության ապացույց է: 

«Ժառանգությունը» ԵԺԿ իր քույր կուսակցությունների, հատկապես Հունգարիայում իշխող «Ֆիդեշ» կուսակցության եւ ԵՄ անդամ երկրների կառավարությունների ուշադրությունն է հրավիրում այս քողազերծված իրողության վրա եւ կարծում է, որ պետք է քննարկվի Ադրբեջանի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների առկախման հարցը` մինչեւ այդ երկրում հաստատվի բյուջեի վերահսկելիություն եւ վերջ դրվի իշխանությունների կամայականություններին:

Ցավոք, 1988-ի Սումգայիթի սպանդից ի վեր Ադրբեջանի հակահայկական մոլագարությունը հազվադեպ է այնպիսի միջազգային ուշադրություն գրավել եւ պատկերավոր ինքնադրսեւորումներ ունեցել, ինչպես Ռամիլ Սաֆարովի շուրջ զարգացումները: «Ժառանգությունը» գտնում է, որ ստեղծված իրադրությունը հարթակ է միջազգային հանրությանը, հատկապես քաղաքական-դիվանագիտական շրջանակներ եկած նոր սերնդի առջեւ վերափաստարկելու Արցախյան հիմնահարցի էությունը, ԼՂՀ ներկայացուցիչներին Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ բանակցություններում վերստին ներգրավելու անհրաժեշտությունը եւ ԼՂՀ անկախության ճանաչման հրամայականը:

Միաժամանակ, ծավալվող իրադարձությունների լույսի ներքո «Ժառանգությունը» ճիշտ է համարում, որ ՀՀ Ազգային ժողովը առաջինը քննարկի եւ ճանաչի ԼՂՀ անկախությունը, ինչի համար էլ կուսակցության կողմից ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել համապատասխան օրինագիծ»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am