Հնագետները պալեոլիթի դարաշրջանի հուշարձան են հայտնաբերել
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան հնավայրի պեղումների ժամանակ հայկական արշավախումբը հայտնաբերել է քարեդարյան շատ հետաքրիր հուշարձան: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը, ենթադրվում է, որ հուշարձանը պալեոլիթի դարաշրջանի է, մոտ 250-300 հազար տարեկան: «Հուշարձանը, որը մենք հայտնաբերել ենք դեռեւս չի թվագրվել»,-ասաց նա: Գասպարյան խոսքով` այս տարի հայկական արշավախումբն ավելի շատ հետախուզական-հետազոտական աշխատանքներ է կատարել, քան հիմնական պեղումներ:
Հնագետի տեղեկացմամբ, 2012 թվականի օգոստոսի վերջին հայ-գերմանական արշավախումբը Սիսիանում պեղումներ կիրականացնի` պարզելու թե նեանդրթալյան մարդու փոխակերպումը հոմոսափիենսի, այսինքն` բանական մարդու, Հայաստանի տարածքում երբ է տեղի ունեցել: Բազմաթիվ հարցերի պատասխաններ գտնելու նպատակով պեղումները կշարունակվեն նաեւ Դեբեդի կիրճում: «Յուրաքանչյուր պեղում նպատակային է արվում, սակայն դրանից հետո առաջանում է նաեւ գտածոների, հուշարձանների պահպանության խնդիրը: Հետազոտությունները, որոնք արվում են արտասահմանում, ինչպես նաեւ թվագրման վերլուծությունները` ահռելի գումարներ արժեն»,-ասաց Գասպարյանը: Այնուհանդերձ, հնագետները պեղումների ֆինանսավորման բազմաթիվ աղբյուրներ ունեն: Համատեղ արշավախմբերի ժամանակ գումարի մի մասը հատկացնում են արտասահմանցի գործընկերները, մի մասը տրամադրում է ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը: «Մի ստվար մասն էլ հատկացնում է ամերիկյան հիմնադրամը, որը տարիներ շարունակ զբաղվում է պեղումների ֆինանսավորմամբ»,-ասաց նա:
2010 թվականին Արենի-1 քարանձավի պեղումների արդյունքում հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը: Շուրջ 5500 տարվա պատմություն ունեցող կոշիկի հայտնաբերումը համաշխարհային մեծ արձագանք գտավ: Հնագույն կոշիկն այժմ պահվում է Հայաստանի պատմության թանգարանում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում