Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Գյուղանախարարն այս տարվա անելիքներն է ներկայացրել Սյունիքում

17:45, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով  Սյունիքում էր: Այցելության նպատակը Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում, մարզում իրականացվող «Համայնքային արոտավայրերի կառավարման» և «Անասնապահության զարգացման» ենթածրագրերի ընթացքին մոտիկից ծանոթանալն էր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղնախարարությունից, կոոպերատիվների անդամների հետ հանդիպմանը մասնակցում էր նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Ծրագիրը, որում ընդգրկվել են Սյունիքի մարզի ինը համայնքներ, ՀՀ նախագահի անմիջական հանձնարարությամբ և ՀԲ-ի աջակցությամբ իրականացվում է հանրապետության 6 մարզերի  55 համայնքներում, որը շարունակական բնույթ ունի: «Ծրագրի իրականացմամբ մարզում անասնագլխաքանակի և դրա հետ` մթերատվության ավելացման կտրուկ աճ կարձանագրվի: Եվ քանի որ Սյունիքը հիմնականում անասնապահական ուղղվածություն ունի, կոնկրետ արդյունքներ կգրացվեն հատկապես այս ճյուղում», - նշել է գյուղնախարարը:  Գյուղոլորտում զուգահեռաբար իրականացվող  ծրագրերից նախարարը հիշատակել է նաև գյուղացիական  տնտեսություններին հատկացվելիք  25 հազար տոննա ազոտական պարարտանյութի և դիզվառելիքի մասին, որոնք պետության սուբսիդավորման շնորհիվ, գյուղացին ձեռք կբերի շուկայականից ցածր գնով: Ընթացիկ տարվա գերխնդիրներից է նաև գյուղտեխնիկայի ձեռքբերումը: Բարձրորակ տրակտորների, կոմբայնների, գյուղգործիքների ներկրման ուղղությամբ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հետ, որոնք առաջիկայում կստանան  դրական լուծումներ: Նախարարը նշել է, որ ընթացքի մեջ են գյուղացու եկամուտների ավելացմանը նպատակաուղղված պայմանագրային եղանակով մթերման, գյուղկենդանիների ութ հիվանդությունների կանխարգելման դեմ պատվաստման և  իրացման նոր շուկաների ստեղծման խնդիրները, որոնք, նույնպես,  ընթացքում լուծում կստանան: Սերմնաբուծության զարգացման ծրագիրը եւս շարունակական է լինելու, այս տարի էլ գյուղացիական տնտեսություններին տրամադրվելու է էլիտար սերմացու: Անցած տարում ներկրված սերմացուի հաշվին հնարավոր է եղել ապահովել 90 հազար տոննա ավելի հացահատիկի բերք` լրացուցիչ կատարելով  20 հազար հա աշնանացան:

Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանի ներկայացմամբ ծրագիրը նպատակաուղղված է աջակցելու բարձրլեռնային և սահմանամերձ անասնապահությամբ զբաղվող համայնքներին` միաժամանակ լուծելով հանրապետության հեռագնա արոտավայրերի նպատակային և լիարժեք  օգտագործման հարցը: Այս տարի այն մեկնարկել է: Ծրագրում ընդգրկված շուրջ 40 համայքներում արդեն ստեղծվել են «Արոտօգտագործողների սպառողական կոպերատիվներ»: Այս տարի նախատեսված է ծրագրի ծավալի 60 տոկոսն իրականացնել: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել ՀԲ-ի հետ` ծրագրում ընդգրկված  55 համայնքների թիվը հասցնել 100-ի: 

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տեղեկացմամբ` ծրագրի շրջանակում սկսվել են աշխատանքներ  իրականացվել մարզի յոթ համայնքում` Խնձորեսկ, Վերիշեն, Ակներ,  Գորայք,  Խնածախ, Խոզնավար, Վաղատուր,  իսկ երկուսում Տաթևում եւ Ծղուկում արդեն հիմնադրվել և գործում են համայնքային կոոպերատիվներ: Խնձորեսկ, Վերիշեն, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր համայնքները մասնավորապես նախատեսել են համատեղ իրականացնել իրենց վարչական տարածքներում գտնվող շուրջ 4500 հա հեռագնա և շուրջ 5000 հա գյուղամերձ արոտների ջրարբիացումը: 

Դիտվել է 145 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ