Հինգ օրում շրջակա միջավայրին հասցվել է կես միլիոն դրամից ավելի վնաս
12:19, 20 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում տեսչության կողմից կայացվել է 1.11 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 19 որոշում, հաշվարկվել է 601 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ
Սյունիքում հայտնաբերված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Տավուշի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 գործով 2 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 51 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների վերահսկողության բաժնի իրականացրած ստուգայցի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 475 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց ձորի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 75 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի վերահսկողության, Արարատի և Արմավիրի տարածքային բաժինների կողմից 5 տնտեսվարողների մոտ իրականացված համատեղ ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 310 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 5 որոշում:
Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի տարածքային բածինների կողմից 8 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 400 հազար դրամ գումարի վարչական տուգանքի 8 որոշում:
Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 8 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
Արարատի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ջրային կենդանիների ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 781.26 հազար դրամ գումար:
Դիտվել է 95 անգամ

Ֆոտոհոսք
RSS
