Խոշոր հարկ վճարողներն ունեցել են 95.9 մլրդ դրամ գերավճար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ-ի դեկտեմբերի ամփոփ ցուցանիշները»` 2011թ-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների մասով: Վերջիններիս մոտ իրացումից հասույթը 2011թ–ի դեկտեմբերին կազմել է 292.6 մլրդ դրամ. նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ այն աճել է 9.3 տոկոսով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԵԿ լրատվական բաժնից, խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները նախորդ տարվա դեկտեմբերին 2010-ի նույն ամսվա համեմատությամբ նվազել են 6.5 տոկոսով եւ կազմել 83.6 մլրդ դրամ: Արտահանման ծավալները կազմել է 31.5 մլրդ դրամ: Պետական բյուջե վճարված հարկերի եւ այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2011թ-ի դեկտեմբերին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 17.9 մլրդ դրամ: 2012թ-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 95.9 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 54.3 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 20.1 մլրդ դրամ: Բացի այդ, 2011թ-ի դեկտեմբերի ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձեւակերպում է կատարվել 2163.4 մլն դրամի չափով: