Տնտեսություն

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն ամփոփում է նախորդ տարին

4 րոպեի ընթերցում

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն ամփոփում է նախորդ տարին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի համար նախորդ տարին ակտիվ է եղել միջազգային համագործակցության ակտիվացման և կապեր ստեղծելու տեսանկյունից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ից, ընկերություններին հաջողվել է մասնակցել մի շարք կարևոր միջազգային մասնագիտացված միջոցառումներին, ինչպիսիք են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը և Արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիաների 11-րդ միջազգային ֆորումը, ինչպես նաև կազմակերպել ԱՊՀ երկրների ֆոնդային բորսաների և Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների համատեղ կոնֆերանսը և տարեկան ժողովները Երևանում: Այդ ամենը ուղղված էր շուկայի զարգացման նախադրյալներ ստեղծելու և 2012թ.-ին Հայաստանի կապիտալի շուկայի մասնակիցներին և շահառուներին նոր ծառայություններ և հնարավորություններ առաջարկելուն:

2011թ-ին բաժնետոմսերով առևտրի ծավալը պահպանել է նախորդ տարվա ընթացքում ձևավորված դրական միտումը: Բաժնետոմսերով գործարքների ծավալը կազմել է 200.3 մլն ՀՀ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 57%-ով: Գործարքները կնքվել էն 7 թողարկողներին բաժնետոմսերով: Շուկայական կապիտալիզացիան տարեվերջի դրությամբ կազմել է 53.8 մլրդ ՀՀ դրամ՝ 2,3% գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում կնքվել է 91 գործարք 708.98 մլն ՀՀ դրամ՝ մոտ 75%-ով պակաս լինելով նախորդ տարվա ցուցանիշից: 2011թ.-ի ընթացքում տեղի է ունեցել 2 նոր պարտատոմսերի ցուցակում՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի և ՎԱԼԼԵՏՏԱ ՍՊԸ-ի պարտատոմսերի 4-րդ թողարկումները, և «Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի առաջին թողարկումը թույլատրվել է առևտրին 2011թ. դեկտեմբերին:

ՌԵՊՈ պայմանագրերով կնքվել է 58 գործարք 2.05 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, ինչը 45.6% պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից:Պետական պարտատոմսերով առևտրի ծավալը կազմել է 5.37 մլրդ ՀՀ դրամ, որից 39.2%-ը բաժին է ընկել կարճաժամկետ պետական պարտատոմսերով առևտրին, 31.9%-ը՝ երկարաժամկետ, իսկ 28.9%-ը՝ միջնաժամկետ պետական պարտատոմսերով առևտրին:

Արտարժույթով առևտրի ծավալը (դրամային առտահայտությամբ) կազմել է 283.5 մլրդ ՀՀ դրամ (760 մլն ԱՄՆ դոլար)` 6%-ով պակաս լինելով նախորդ տարվա ցուցանիշից: 2011թ.-ին այս հարթակում գործարքները կնքվել են միայն ԱՄՆ դոլարով: Տարվա ընթացքում ԱՄՆ դոլարի բորսայում ձևավորված միջին կշռված փոխարժեքը կազմել է 388.25 դրամ, իսկգրանցված առավելագույն և նվազագույն փոխարժեքների տարբերությունը կազմել է 3.07 դրամ:

Վարկային ռեսուրսների հարթակում 2011թ.-ին գործարքների ծավալը կազմել է 2,734 մլրդ ՀՀ դրամ: 2011թ.-ին գործարքների միջին ամսական ծավալը կազմել է 227.9 մլրդ ՀՀ դրամ՝ 3.5 անգամ գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: Միջին կշռված տոկոսադրույքը տարվա ընթացքում տատանվել է առավելագույնը 11.5%-ի և նվազագույնը 4%-ի շրջանակներում:

2011թ. վերջի դրությամբ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից սպասարկվող արժեթղթերով անձնական հաշիվների թիվը կազմել է 158,422, որոնցից 1,004-ը` 2011թ-ի ընթացքում բացված նոր հաշիվներ են: Դեպոզիտարիայի միջոցով իրենց արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը վարող ընկերությունների թիվը տարեվերջին կազմել է 1,616, որոնցից 132-ը միացել են Դեպոզիտարիային 2011թ.-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում