Հունվարին արձանագրվել է 3.6% գնաճ
9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 17-ի ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Ահարոն Չիլինգարյանը, Վախթանգ Աբրահամյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ-ից, խորհրդի նիստը, որը հաջորդել է 2012 թ. առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրի հաստատմանը, սկսվել է ընթացիկ զարգացումների ներկայացմամբ: Քննարկվել են գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները: 2012 թ. հունվարին 12-ամսյա գնաճը կազմել է 4.8%՝ պահպանվելով 4% նպատակային մակարդակի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում: Պարենային ապրանքների գների աճի նպաստումը 12-ամսյա ցուցանիշին կազմել է 3.1 տոկոսային կետ:
Ըստ պաշտոնական վիճակագրության` 2012 թ. հունվարին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 3.6% գնաճ, որի միայն 3.3 տոկոսային կետը պարենային ապրանքների գների 6.2% աճի հետևանք է: Ընդ որում, միայն մրգերի և բանջարեղենի գների աճը հանգեցրել է 3 տոկոսային կետ գնաճի: Ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.4%-ով՝ գնաճի ցուցանիշին նպաստելով -0.06 տոկոսային կետով, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0.7%-ով՝ 0.2 տոկոսային կետ նպաստմամբ:
2011 թ. դեկտեմբերին ՏԱՑ-ը կազմել է 6.1%, որից ելնելով հունվար-դեկտեմբեր ամիսների ՏԱՑ-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գնահատվել է 5.9%: Ընդ որում, արդյունաբերության ճյուղում, հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ թողարկման ծավալների աճը կազմել է 14.1%, գյուղատնտեսության ճյուղում` 14.1%՝ պայմանավորված հիմնականում բուսաբուծության ենթաճյուղի 26.6% և անասնապահության ենթաճյուղի 0.1% աճերով: Ծառայությունների ծավալներն աճել են 6.1%-ով, առևտրի ծավալները` 3.5%-ով: Շինարարության թողարկման ծավալները նշված ժամանակահատվածում նվազել են 11.5%-ով: Անկման հիմնական պատճառը, ինչպես նշվել էր նախկինում, միջազգային վարկերի, կազմակերպությունների և բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների կրճատումն է՝ պայմանավորված ինչպես գյուղատնտեսության, ոռոգման և էներգետիկայի ոլորտներում միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի ավարտով, այնպես էլ խոշոր ճանապարհաշինական և ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված շինարարական ծրագրերի հետաձգմամբ:
Ինչ վերաբերում է արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշներին, գրեթե պահպանվել են ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման աճի տեմպերը. 2011 թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանումն (ՖՕԲ) ավելացել է 27.7%-ով, իսկ ներմուծումը (ՍԻՖ)՝ 10.7%-ով:
Խորհրդի նիստում ներկայացվել են նաև ֆինանսական շուկայի հունվար ամսվա զարգացումները. շուկայական ռեպո միջին տոկոսադրույքը դեկտեմբեր ամսվա նկատմամբ մնացել է գրեթե անփոփոխ` կազմելով 11.42 %, միջբանկային ռեպո տոկոսադրույքն աճել է 0.76 տոկոսային կետով և կազմել 11.00%: Միաժամանակ, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում նախորդ ամսվա համեմատ միջին տոկոսադրույքը նույնպես մնացել է գրեթե անփոփոխ և կազմել 10.64 %:
2012 թ. հունվարին արտարժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը նախորդ ամսվա համեմատ դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.11 տոկոսով` կազմելով 387.53 դրամ, Եվրոյի նկատմամբ արժևորվել է 0.86 %-ով` կազմելով 500.33 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 2.17 %-ով` կազմելով 12.16 դրամ: Նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ դրամի միջին շուկայական փոխարժեքը դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 5.83 %-ով, Եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 2.38 %-ով և ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 2.17 %-ով:
Ֆինանսական շուկայի նկարագրված զարգացումների պայմաններում դրամավարկային ցուցանիշները հունվարի վերջի դրությամբ արձանագրել են հետևյալ միտումները. 12-ամսյա կտրվածքով դրամային ավանդների 44.2% և կանխիկի 16.7% աճերի պայմաններում դրամային զանգվածն ավելացել է 28.4%-ով: Արտարժութային ավանդների 12-ամսյա աճը կազմել է 19.8% (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը՝ 12.5%)՝ ինչն էլ պայմանավորել է դրամայինի նկատմամբ փողի զանգվածի ավելի դանդաղ աճը՝ 24.5%: Դոլարայնացման մակարդակը այդ ժամանակահատվածում նվազել է 3.8%-ով: Պահպանվել են վարկավորման բարձր աճի տեմպերը՝ 35.1%: Դրամով վարկավորման աճը կազմել է 24.7%:
Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսել է քննարկումները արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:
Չնայած Եվրոգոտում պարտքային հիմնախնդիրների լուծման հետ կապված անորոշությունները և դրանից բխող ռիսկերը շարունակել են պահպանվել, հունվարին աշխարհի առաջատար արդյունաբերական երկրներում` ԱՄՆ-ում, Գերմանիայում և Չինաստանում արձանագրվեցին արդյունաբերական արտադրության ինդեքսների դրական գնահատականներ:Այս պայմաններում հիմնական հումքային և արդյունաբերական ապրանքների միջազգային գներն արձանագրել են թույլ գնաճային միտումներ: Նավթի գների զարգացումներին, բացի արդյունաբերական պահանջարկի աճից, նպաստեցին նաև Իրանի և արևմուտքի երկրների (Եվրոգոտի, ԱՄՆ) միջև շարունակվող հակասությունների սրումը: Պարենային ապրանքների շուկաներում գները հունվարին արձանագրել են որոշակի աճ (FAO-ի ինդեքսն աճել է 1.9%-ով): Ցորենի գների աճին նպաստեցին Արևմտյան և Արևելյան Եվրոպայի հիմնական ցորեն արտադրող երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում և Ուկրաինայում ցուրտ եղանակային պայմանների պատճառով բերքի հնարավոր կորուստների վերաբերյալ սպասումները:Տնտեսական ակտիվության որոշակի վերականգնման նախանշանների, ինչպես նաև դրանց` դեռևս խոցելի հիմքերի վրա պահպանման պայմաններում Եվրոպական Կենտրոնական բանկը և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հունվարին զերծ մնացին քաղաքականության տոկոսադրույքների փոփոխությունից, իսկ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հանդես եկավ տոկոսադրույքների` մինչև 2014 թ-ի ավարտը ցածր մակարդակում պահպանելու որոշմամբ:
Խորհուրդն արձանագրել է, որ ՀՀ տնտեսությունը զարգանում է Դրամավարկային քաղաքականության ծրագրերում ներկայացված բազային սցենարին համապատասխան: Չնայած համաշխարհային տնտեսության զարգացման առկա անորոշությունների պահպանմանը՝ առաջատար մի քանի երկրներում արձանագրվել են տնտեսական ակտիվության դրական միտումներ և հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գների թույլ աճ:
ՀՀ տնտեսության բազային սցենարով զարգացումները պահպանում են գնաճային միջավայրի վրա չեզոք ազդեցությունը՝ ինչպես հարկաբյուջետային քաղաքականության և մասնավոր ծախսումների, այնպես էլ աշխատանքի շուկայի կողմից:
Զարգացման այս հեռանկարում սպասվում է, որ 12-ամսյա գնաճը կանխատեսվող ողջ հորիզոնի ընթացքում կգտնվի 4% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:
Տնտեսության զարգացման ներկա միտումների պայմաններում ԿԲ-ն կշարունակի պահպանել քաղաքականության տոկոսադրույքի 8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն:
2012 թ. փետրվարի 7-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար` 11.0% և 5.0%: