Կառավարությունն օժանդակություն է ցուցաբերում վերամշակող ընկերության ներդրումային ծրագրին
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի «Արարատ» սննդի կոմբինատ, մասնավորապես, հյութերի արտադրության գործարան: Կառավարությանը ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարներ՝ Տիգրան Դավթյանի և Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ ծանոթացել է գործարանի արտադրական հնարավորություններին և ծրագրերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ընկերության գործադիր տնօրեն Սարգիս Թարվերդյանը նշեց, որ 2011 թվականի ապրիլից աշխատող գործարանն արտադրում է բնական հյութերի լայն տեսականի, որն իրացվում է ինչպես տեղական, այնպես էլ՝ արտաքին շուկաներում` խթանելով գյուղատնտեսական մթերքի արտահանումը Հայաստանից: Ընկերությունը պայմանագիր է կնքել հանրահայտ TetraPak ընկերության հետ` բնական հյութերի և նեկտարների պատրաստման, ինչպես նաև վերջինների փաթեթավորման հոսքագծեր, անհրաժեշտ այլ սարքավորումներ ձեռք բերելու համար:
Հումք ձեռք բերելու նպատակով պայմանագրեր են կնքվել առաձնապես տեղական մրգեր և բանջարեղեն վերամշակող, իսկ ոչ հայկական համերի համար՝ օտարերկրյա հեղինակավոր մի շարք ընկերությունների հետ:
Մեկ տարվա ընթացքում ստեղծվել է շուրջ 70 աշխատատեղ:
Թարվերդյանի խոսքով՝ ներդրումային ծրագրի երկրորդ փուլում ընկերության կողմից աշխատանքներ են իրականացվում` բնական հյութերի և նեկտարների պատրաստման և դրանց ապակյա տարաներում շշալցման, հայկական խոտաբույսերի և հատապտուղների վերամշակման ու ավանդական համերի, ինչպես նաև հայկական համերի թեյերի փաթեթավորման, մրգերի և հատապտուղների վերամշակման, դրա միջոցով թարմ քամած բնական հյութերի ստացման, գազավորված և չգազավորված ըմպելիքների պատրաստման ու շշալցման, հայկական մրգերից և հատապտուղներից չրերի պատրաստման ու փաթեթավորման արտադրություններ կազմակերպելու ուղղությամբ:
Վերը նշված աշխատանքներն իրականացնելու համար ընկերությունն արդեն իսկ դիմել է ՀՀ կառավարությանը՝ 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի մինչև 3 տարի ժամկետով երկարաձգման թուլատվություն ստանալու համար:
Լրագրողների հետ զրույցում Տիգրան Դավթյանը նշեց, որ այս կապակցությամբ կառավարությունը որոշում կկայանացի առաջիկայում: «Ընկերության ներդրումային առաջին փուլում ևս կառավարությունը հաջողությամբ աջակցել է: Սա գործադիրի կողմից արտադրական գործընթացները խթանող ծրագրերից մեկն է»,- ասաց նախարարը:
Ընկերությունն արդեն հանրապետություն է ներմուծել անհրաժեշտ սարքավորումների մեծ մասը, իսկ մյուս մասի համար արդեն իսկ ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ և կներմուծվեն առաջիկայում: Ներդրումային ծրագրի երկրորդ փուլում ընկերությունը կկատարի ավելի քան 800 միլիոն դրամի ներդրում: Կստեղծվի եւս 5 արտադրամաս: Ընկերության կողմից առաջին փուլում կստեղծվի առնվազն 30, իսկ մոտ ապագայում՝ լրացուցիչ 20 աշխատատեղ:
Ներկայում կազմակերպվում են 2012-ի մթերման աշխատանքները, որոնց ծավալներն էապես կավելացվեն: Աշխատանքներում կներգրավվեն մի քանի հարյուր գյուղական համայքների բնակիչների: Կմեթերվի նաև ծիրան, դեղձ և բալը: Առանձնակի ուշադրություն կդարձվի խոտաբույսերի մթերման աշխատանքներին:
Ներդրումային ծրագրի երրորդ փուլում (2012-2013թթ) նախատեսվում է ներմուծել բանջարեղենի, մրգերի և հատապտուղների վերամշակման ևս մեկ հոսքագիծ, որպեսզի ընկերությունը հնարավորություն ունենա վերամշակել բոլոր տեսակի հայկական մրգերն ու հատապտուղները: Վերջինս հնարավորություն կընձեռի վերամշակելու գյուղատնտեսական մթերքների ամբողջ սպեկտորը: Նախնական հաշվարկներով` հերթական ներդրման ծավալը կկազմի 1.6-1.8 մլն եվրո:
Վերը նշված ներդրումները հնարավորություն կընձեռեն առաջիկա տարիների ընթացքում ստեղծել շուրջ 300-ից ավելի մշտական աշխատատեղեր:
2012-ի հունվարի դրությամբ ընկերությունն արտադրել է 2.39 մլն լիտր արտադրանք, որից արտահանվել է մոտ 480 հազ. լ: Նախատեսվում է, որ 2012թ. արտադրանքի ծավալը պետք է առնվազն կրկնապատկվի:
2011-ին ընկերությունը 100-ից ավելի ֆերմերներից և գյուղացիներից իրականացրել է 180 մլն դրամի` շուրջ 800 տոննա մրգի և հատապտղի մթերում, այդ թվում' մասուր, խնձոր, նուռ, մոշ, հոն, ընկույզ և այլն:
«Արարատ» սննդի կոմբինատի ղեկավարության` այս ոլորտում ներդրումների իրականացմանը նպաստել է 2009 թվականին ՀՀ կառավարության կողմից ներդրումային ծրագրի շրջանակներում 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի մինչև 3 տարի ժամկետով երկարաձգման թուլատվություն ստանալու հնարավորությունը: