Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը նոր տնօրեն ունի

Armenpress 17:24, 26 Հունիս, 2015

ԷՋՄԻԱԾԻՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

* * * Տ. Շահե վարդապետ Անանյան (կենսագրական)

Տ. Շահե վարդապետ Անանյանը (ավազանի անունը` Արտյոմ) ծնվել է 1982 թ. հոկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում: 1989-1999 թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1999-2005 թթ. ուսանել և ավարտել է Սեւանի Վազգենյան հոգևոր դպրանոցը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը: 2005 թ. պաշտպանել է ավարտաճառ` «Անդեմ նախադասությունները չորս Ավետարաններում (գրաբար և հունարեն բնագրեր)»: 2004 թ. դեկտեմբերի 26-ին` Ս. Ստեփանոս Նախավկայի տոնին, ձեռամբ Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, ձեռնադրվել է սարկավագ, իսկ 2005 թ. սեպտեմբերի 25-ին` Վարագա Սուրբ Խաչի տոնին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 2005-2006 թթ. պաշտոնավարել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կաթողիկոսարանում` որպես Վեհափառ Հայրապետի գավազանակիր-գործավար: 2006-2009 թթ. ուսանել է Փարիզի Կաթոլիկ համալսարանում և Սորբոնի համալսարանի Հին արևելյան լեզուների և մշակույթի բարձրագույն դպրոցում: 2009 թ. հունիսին Փարիզում, աստվածաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի համար, պաշտպանել է «Անձնավորված իմաստությունը Առակաց Ը.-ում ըստ հայ միջնադարյան մատենագրության տվյալների. կանոնական ընթերցման մի փորձ» խորագրով ատենախոսություն: 2009 թ. հուլիսին նշանակվել է նախ «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, ապա` 2012 թ. նշանակվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Պաշտոնական մամուլի բաժնի տնօրեն: 2013 թ. հունիսին ստանձնել է նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրենի պաշտոնը: 2014 թ. պաշտպանել է վարդապետական ատենախոսություն` «Անձնավորված իմաստության գաղափարի առաջացումն ու զարգացումն ըստ Առակաց Ա.-Թ.-ի» խորագրով, և ձեռամբ Գերաշնորհ Տ. Նաթան արք. Հովհաննիսյանի, ստացել մասնավոր վարդապետական աստիճան: 2014 թ. մարտից ուսանում է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում (փիլիսոփայության և սոցիալական հոգեբանության ֆակուլտետ)` փիլիսոփայության պատմության մասնագիտացմամբ: Հեղինակ է հայերեն և օտար լեզուներով չորս գիրք-մենագրության, չորս տասնյակից ավելի գիտական ու հրապարակախոսական հոդվածների: 2006 թ.-ին մասնակցել է Բրազիլիայի Պորտու Ալեգրե քաղաքում գումարված` Եկեղեցական համաշխարհային խորհրդի հերթական գլխավոր ասամբլեային: 2010 թ. անդամակցել է ԵՀԽ «Հավատք և կարգ» հանձնախմբին, իսկ 2014 թ.-ից անդամ է Անգլիկան և Արեւելյան Ուղղափառ եկեղեցիների, ինչպես նաև Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների` միջեկեղեցական երկխոսության նպատակով ստեղծված միջազգային աստվածաբանական հանձնախմբերի: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am