Հայաստանի կառավարությունը խոստանում է հղի կանանց շահերը վտանգող քայլ չկատարել

Armenpress 11:30, 30 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն առավելագույնն է անելու, որպեսզի օրենսդրական փոփոխություններից որևէ հղի կին չտուժի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Առավելագույնս պետք է անենք, որ որևէ հղի կին չտուժի, կառավարությունը չի գնալու որևէ քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք: Սա պետք է ընդունել ի գիտություն»,- ասաց վարչապետը՝ դիմելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին և անդրադառնալով «Ժամանակավոր անաշխատունակության մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններին, որոնցով նախատեսվում էր կրճատել աշխատող կանանց տրվող հղիության և ծննդաբերության նպաստները, սակայն չաշխատող կանանց հատկացնել նվազագույն աշխատավարձի չափով նպաստ:

Նախարար Ասատրյանը նշեց, որ նախագծի լրամշակման արդյունքում հաշվի են առնվելու բոլոր առաջարկությունները, որոնք բավականին արդյունավետ են: Լրամշակված նախագիծը կներկայացվի հաջորդ շաբաթ:

Առաջարկվող փոփոխություններն առաջացրել են մեծ բողոք հղի կանանց շրջանում, ովքեր հանդես եկան տարբեր ակցիաներով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am