Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին

Armenpress 16:38, 27 Փետրվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին: Այս մասին փետրվարի 27-ին հրավիրված ասուլիսում հայտատարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Նույն օրը կառավարությունը հրաժարական կներկայացնի»,-ասաց Աբրահամյանը` մեջբերելով Սահմանադրությունը, որի համաձայն` հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում։ Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո՝ քսանօրյա ժամկետում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սահմանադրության 54-րդ հոդվածի համաձայն` հանրապետության նախագահը պաշտոնն ստանձնում է օրենքով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն  Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:

Հանրապետության նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am