Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ես նույնիսկ չեմ հասկանում, թե սա ինչ գործընթաց է. ԱԺ նախագահը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին

Ես նույնիսկ չեմ հասկանում, թե սա ինչ գործընթաց է. ԱԺ նախագահը՝ «Տավուշը 
հանուն հայրենիքի» շարժման մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից քաղաքական առաջարկ, քաղաքական պահանջ չի լսել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում:

«Ես չգիտեմ, թե ինչ պահանջի մասին է խոսքը: Առաջարկը ո՞րն է: Ես քաղաքական առաջարկ չեմ լսել: Ես հարգանքով եմ վերաբերվում մեր բոլոր քաղաքացիներին, որոնք այլ կարծիք ունեն, որոնց հետ ես համաձայն չեմ: Բայց ես քաղաքական պահանջ չեմ լսել»,–ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ շարժումը պահանջում է դադարեցնել միակողմանի զիջումները՝ ԱԺ նախագահը վստահեցրեց, որ Հայաստանը միակողմանի զիջումների չի գնում, ՀՀ-ն ֆիքսում է իր սահմանը, և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավական հիմքեր: «Իսկ այդ քարտեզներին և իրավական հիմքերին մենք ամբողջությամբ տիրապետում ենք»,-հավաստիացրեց ԱԺ նախագահը:

Սիմոնյանը Հայաստանում իշխանափոխության վտանգ չի տեսնում: «Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն հնարավոր է միայն խորհրդարանական ընտրություններով, որոնք տեղի են ունենալու 2026 թվականին»,-նշեց նա:

ԱԺ նախագահը պնդեց՝ շարժման կողմից քաղաքական առաջարկ չի լսել: «Ես  նույնիսկ չեմ հասկանում, թե սա ինչ պրոցես է: Մենք կրոնապետությո՞ւն ենք, ինչո՞վ ենք զբաղված: Քաղաքացին պետք է առաջարկ ունենա: Երբ ինչ-որ մեկն ասում է, որ դեմ է սրան, պետք է առաջարկ ներկայացնի»,-ասաց նա:

Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ ՀՀ ժողովուրդը վստահում է սահմանազատման և սահմանագծման գործընթացին: «Հայաստանի ժողովուրդը գիտի, որ Հայաստանը պետք է խաղաղության մեջ ապրի, պատերազմ չի ուզում, չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, չի պատրաստվում կրոնապետության գնալ, չի պատրաստվում եկեղեցու որոշ անդամների դիտարկել որպես քաղաքական գործիչ, ինչն՝ ըստ իս, անընդունելի է: Եվ ժողովուրդը հասկանում է, որ եկեղեցին, Աստված հույզերը, այն էմոցիաները, որ ունենք որպես քրիստոնյա մարդիկ և անհատները, որոնք այսօր քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են: Ես չեմ հավատում, որ Հայաստանի ժողովուրդն իր իմաստությունը կորցրել է»,-նշեց ԱԺ նախագահը։

Սիմոնյանը Տավուշից մեկնարկած գործընթացում նաև արտաքին հետք է տեսնում:

Տավուշի մարզի Կիրանց գյուղից մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան: Նրանց պահանջն է կանգնեցնել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը, որը իրականացվում է Տավուշի հատվածում:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am