Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԵՊՀ-ն և Kotler Impact-ը կհրատարակեն «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» դասագիրքը

ԵՊՀ-ն և Kotler Impact-ը կհրատարակեն «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. 
Հայաստանի հրատարակություն» դասագիրքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանy մայիսի 17-ին ընդունել է ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության ներկայացուցիչ Թամար Չոլարիային՝ քննարկելու համար մարքեթինգի ոլորտում համագործակցության հեռանկարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրին և կարևորել Երևանի պետական համալսարանի ու ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության բացառիկ ներկայացուցիչ «AWE Consulting» ՍՊԸ-ի միջև օրերս ստորագրած համագործակցության հուշագիրը, որը համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություն է ընձեռում:

«Թամար Չոլարիան տեղեկացրել է՝ ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է հրատարակել «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» դասագիրքը: Այն հիմնված կլինի հայկական մարքեթինգային ընկերությունների անցած ճանապարհի և պատմության վրա: Կողմերը կարևորել են նաև դասագրքի՝ ուսումնական ծրագրում ընդգրկվելու հնարավորությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այս մարքեթինգի հետ կապված տարբեր դասընթացների ընթացքում  հայ ուսանողներին ներկայացվել են միջազգային խոշոր ընկերությունների օրինակները: Ձեռնարկը հնարավորություն կտա ուսանողներին ծանոթանալու նաև հայկական ընկերությունների հաջողության պատմություններին և մոտեցումներին:

Նշվել է՝ «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» գիրքը լույս է տեսնելու երկու լեզուներով: Նախ կտպագրվի  անգլերեն տարբերակը՝ շուրջ 10 հազար օրինակով և կվաճառվի ամբողջ աշխարհում, այնուհետև կթարգմանվի հայերեն:

Համագործակցության արդյունքում Երևանի պետական համալսարանի ուսանողները կստանան նաև Շուկայավարման համաշխարհային գագաթնաժողովի (WMS) մասնակցության հնարավորություն:

Առցանց գագաթնաժողովն անցկացվում է յուրաքանչյուր տարվա նոյեմբերին և հեռարձակվում է աշխարհի 105 երկրներում՝ միավորելով ավելի քան 200 խոսնակների կորպորատիվ, ակադեմիական, հասարակական և պետական կառավարման ոլորտներից: Մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում 48-ժամյա ռեժիմով լսելու աշխարհի առաջատար մասնագետների զեկուցումներն այնպիսի արդիական հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ մարքեթինգի դերը թվայնացման դարաշրջանում, հաճախորդակենտրոն մարքեթինգային ռազմավարությունները, մարքեթինգը խթանող գործիքների արդյունավետության գնահատումը, «Open AI», «Chat GPT»-ի առնչությունները մարքեթինգի հետ և բնագավառի մի շարք այլ առանցքային թեմաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանում ընթացող կրթական ոլորտի բարեփոխումների շրջանակում Հայաստանի 16 ավագ դպրոցներում իրականացվում է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագիրը: Ընդ որում՝ Հայաստանն առաջին երկրներից է, որ այս ծրագիրը ներդրել է դպրոցներում՝ կարևորելով  դպրոցական տարիքից սովորողների՝ արհեստական բանականությանն առնչվելն ու ճիշտ պատկերացումներ ձևավորելը: Արթուր Մարտիրոսյանը նաև ընդգծել է՝  «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականը պետական ծրագրում» ԲՏՃՄ ուղղությանը հատկացվել է առանձնահատուկ դեր, և այդ ուղղությամբ կրթության որակի բարելավումը պետության առաջնային խնդիրներից է:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am