2 րոպեի ընթերցում
Օպերատիվ իրավիճակի կայունության ապահովման նպատակով Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունը հուլիսի 22-ին հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է հատուկ միջոցառումներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ վերոնշյալ միջոցառումների նպատակն է՝ քրեական հակումներ ունեցող տարրերին պահել ուշադրության կենտրոնում, ապահովել հանրային անվտանգությունը, կանխել հանցավոր դրսևորումները։
«։Ոստիկանության ծառայողները շրջայցեր և ստուգողական գործողություններ են իրականացրել բակային տարածքներում, հավաքատեղիներում, հանրային տարածքներում։ Ուշադրության կենտրոնում են եղել մասնավորապես այն վայրերը, որտեղ առկա է իրավախախտումների կամ հանցավոր դրսևորումների ռիսկ»,– նշված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Հատուկ միջոցառումների արդյունքում ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են քրեական հակումներ ունեցող անձանց, հետախուզվողների, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ և այլն։
«ՆԳՆ ոստիկանությունը հասարակական կարգի պահպանման, հանցավորության կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման նպատակով հետևողականորեն շարունակելու է իրականացնել օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ հանրապետության ամբողջ տարածքում»,– եզրափակվում է հաղորդագրությունը։