Երևան

Երևանի քաղաքապետը անդրադարձել է վերջին օրերին Երևանում օդի բարձր աղտոտվածության մասին մտահոգություններին

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսաուղերձով անդրադարձել է վերջին օրերին Երևանում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշների վերաբերյալ տարբեր մտահոգություններին:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Ավինյանը նշել է, որ աղտոտվածությունը բնորոշ է ոչ միայն Երևան քաղաքին, այլ նաև Երևանին հարակից Արարատյան գոգավորությունում գտնվող Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերին և հարակից տարածաշրջաններին։

«Օդի աղտոտվածությունն այս տարածաշրջանում ունի խիստ սեզոնային բնույթ և պայմանավորված է առավելապես աշխարհագրական գործոններով՝ օդային զանգվածների շրջանառությամբ, չոր անտիցիկլոնային եղանակով և գլխավորապես հարավ-արևելքից չոր, փոշոտ օդային զանգվածների մուտքով և ռելիեֆային պայմաններով։

Այս բնական պրոցեսներն ունեն ցիկլային բնույթ և կրկնվում են ամեն տարի՝ տարբեր ինտենսիվությամբ։ Այս գործոնների ազդեցությամբ ձևավորվում է ինվերսիոն ռեժիմ, գրեթե դադարում է օդափոխանակությունը, որը բերում է օդի աղտոտվածության շարունակական կուտակմանը», - ասել է քաղաքապետը։

Նա նկատել է, որ դրանց գումարվել է նաև տարվա այս սեզոնին ջեռուցման, հրդեհների, այրումների արդյունքում տարբեր գազերի, օրգանական փոշու, ծխի ավելացումը օդում, որը օդափոխանակության բացակայության պայմաններում ավելի է սրում իրավիճակը։

«Տարածաշրջանում օդի աղտոտվածության նվազեցում տեղի կունենա հյուսիսից ցիկլոնային օդային զանգվածների մուտքով պայմանավորված օդի ինվերսիոն շերտի քայքայման արդյունքում։

Մենք հետագայում կտեղեկացնենք նաև, թե ինչ քայլեր է իրականացնում Երևանի քաղաքապետարանը՝ խնդրի մեղմման ուղղությամբ», - եզրափակել է Ավինյանը։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում