Տեսանյութ

Վարչապետի աշխատանքային քննարկումն Անահիտ Ավանեսյանի հետ՝ Առողջապահության ապահովագրության վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային քննարկում է անցկացնում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ առողջապահության  համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ համակարգը նախատեսվում է ներդնել 2026 թվականից՝ շեշտելով, որ ներդրվելիք համակարգը ոչ բոլոր ծառայություններն է ծածկելու։ «Այսինքն՝ լինելու են ծառայություններ, որոնք համակարգը չի ծածկելու։ Այսինքն՝ առողջապահությունը վերաբերելու է բոլորին, բայց ոչ ամեն ինչին»,- ասաց Փաշինյանը՝ առողջապահության նախարարից հետաքրքրվելով, թե արդյոք աշխարհում կա՞ այդպիսի առողջապահական ապահովագրության համակարգ, որը բոլոր ծառայությունները ծածկում է։ 

Նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ առողջության ապահովագրության բազային փաթեթները միշտ սահմաններ են ունենում։ «Օրինակ, ատամնաբուժական ծառայությունները մեծամասամբ չեն մտնում ապահովագրական փաթեթների մեջ։ Երբ նայում ենք աշխարհի փորձին, ապահովագրական փաթեթները որոշակի սահմաններ են ունենում, և մենք էլ մեզ համար դրել էինք շատ կարևոր նշաձող, որ առանձնացնենք հենց առաջնային, կարևոր ծառայությունները։ Մենք վերլուծել ենք, թե մարդիկ Հայաստանում ինչից են ամենաշատը հիվանդանում, ինչից են հաշմանդամություն ձեռք բերում և մահացությունը ինչի հետ է կապված։ Մենք առանձնացրել ենք այս հիվանդությունների շարքը և այդ հիվանդությունների բուժման մեջ էլ առանձնացրել ենք առաջնակարգ ծառայությունները, որոնք նախ կյանք փրկող են, մեզ զերծ են պահում հաշմանդամությունից, օգնում են, որ վաղ հայտնաբերենք ու կանխարգելենք, որպեսզի բուժումն էլ ծախսարդյունավետ լինի։ Հաջորդիվ արդեն նայել ենք, թե Հայաստանում առկա ծառայությունների ինչ շրջանակ ունենք սարքավորումների և բուժանձնակազմի առումով, և հենց այս մեթոդաբանությամբ ձևավորել ենք ապահովագրության փաթեթը»,- մանրամասնեց նախարարը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում