Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2025 թվականի 3-րդ եռամսյակի զեկույցը

3 րոպեի ընթերցում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2025 թվականի 3-րդ եռամսյակի զեկույցը` ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ որոշ ուղղություններով կա ցուցանիշի բարելավում, իսկ որոշ ուղղություններով՝ ոչ։ Մասնավորապես, դրական տեղաշարժ է նկատվում տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների ցուցանիշների կառուցվածքում։ 2025 թվականի 3-րդ եռամսյակում այդ իրավունքների խախտումների թիվը կազմել է 23, որը 16-ով նվազել է նախորդ եռամսյակի համեմատ։ 

«Ինչպես տեսնում ենք դրական տեղաշարժ կա վիճակագրության մեջ, սակայն խնդիրը դեռ շարունակում է մնալ։ Պետական մարմինները հաճախ անհարկի դժվարացնում են լրագրողների աշխատանքը։ Օրինակներ ներկայացնեմ, նշված 23 խախտումներից 4-ի պարագայում պատասխանի տրամադրումն անհիմն մերժվել է, 2 հարցում մնացել է անպատասխան, 7-ի դեպքում պատասխանը եղել է թերի, 9-ը՝ օրենքով նախատեսված ժամկետի խախտմամբ, ևս մեկի պատասխանը եղել է ուղարկված հարցերի էությանը չհամապատասխանող»,-ասաց Աշոտ Մելիքյանը։  

Չնայած տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների առնչությամբ որոշակի դրական միտում է նկատվում՝ նույնը չի կարելի ասել լրատվամիջոցների դեմ բացված դատական գործերի մասով։ Այստեղ ցուցանիշները ավելացել են։ 

«2025-ի 3-րդ եռամսյակում ընդդեմ լրատվամիջոցների եղել է 15 դատական հայց, որից 10-ի դեպքում պաշտոնյաներն են ներկայացրել։ Համեմատության համար ասեմ, որ 2024 թվականի 9 ամիսներին 35 դատական հայց է եղել, իսկ այս տարվա 9 ամիսներին արդեն 45 հայց կա։ Դատական հայցերը վիրավորանքի ու զրպրատության հիմքով են։ Միջազգային կառույցների հորդորն է ձեռնպահ մնալ ընդդեմ լրատվամիջոցների այդ հիմքով հայցեր ներկայացնելուց»,-ասաց Աշոտ Մելիքյանն՝ ընդգծելով, որ բազմաթիվ գործեր կարող էին դատարանում չլինել, իսկ  խնդիրները լուծվեին արտադատական կարգով։  

Խոսելով պատճառներից՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ քաղաքական դաշտում խիստ բևեռացումը բերվել է հասարակություն, իսկ լրատվամիջոցները դրանից անմասն չեն մնացել։ Նրա խոսքով՝ լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունն ասոցացվում է ինչ-որ քաղաքական ուժի կամ գործչի հետ, ու հասկանալի է, որ այդ բևեռացվածությունը հանգեցնելու է առճակատումների։  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում