3 րոպեի ընթերցում
Երևանի քաղաքապետարանը հանրային տարածքները վերադարձնում է երևանցիներին. ապամոնտաժվել է Սայաթ Նովա 2/2 հասցեում՝ Օպերայի հարակից տարածքում մոտ 1000 քառակուսի մետր տարածքում կառուցված սրճարանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այսօր մենք իրականացնում ենք քանդման աշխատանքներ Սայաթ Նովա 2/2 հասցեում՝ մոտավորապես 1000 քառակուսի մետր տարածքում, որը վարձակալի կողմից վերադարձվել է քաղաքին: Մենք կարծում ենք, որ նման գործընթացներն այս տարածքում լինելու են շարունակական: Շատ կարևոր է, որ տվյալ տարածքները, որոնք մաքրվում են, վերածվեն մաքուր ու կանաչ հատվածի: Այս քաղաքականությունը լինելու է շարունակական, ինչպես տարբեր այգիներում, այնպես էլ օպերայի հարակից տարծքներում»,- ասաց Ավինյանը:
Քաղաքապետն ընդգծեց՝ գնում են այն ճանապարհով, որ վարձակալներն իրենց կամքով քաղաքին վերադարձնեն տարածքները: Ըստ Ավինյանի՝ քաղաքապետարանը համապատասխան բոլոր պայմանները ստեղծել է դրա համար, որպեսզի փուլ առ փուլ, առանց դատական վեճերի և քաշքշուկների խնդիրը լուծեն ու առաջ շարժվեն, ինչպես եղել է քանդվող շինության դեպքում:
Անդրադառնալով քանդված տարածքի կանաչապատման հարցին՝ քաղաքապետը նշեց, որ դա կախված է քանդման աշխատանքների ծավալներից և ընթացքից.
«Բոլոր այն հատվածներում, որտեղ մենք կիրականացնենք քանդման աշխատանքներ, արդեն կարճ ժամկետում կսկսենք իրականացնել նաև կանաչապատման աշխատանքները: Կոնկրետ Օպերայի այս հատվածում գարնանն արդեն աշխատանքները կսկսվեն»,- մանրամասնեց Ավինյանը:
Ավինյանն ընդգծեց՝ բոլոր այն այգիներն ու հատվածները, որտեղ տարատեսակ կրպակներ և հնաոճ սրճարաններ են, քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են: Ըստ նրա՝ տարբեր այգիներում նմանատիպ ծրագրեր իրականցրել են և շարունակելու են իրականացնել, քանի որ կանաչապատ տարածքների ավելացումը քաղաքապետարանի ամենակարևոր նպատակներից մեկն է:
Խոսելով Օղակաձև այգու վերականգնման հարցից՝ Ավինյանն ասաց, որ այգու տարբեր հատվածներում արդեն իսկ տարբեր ծրագրեր իրականացվել են, բայց քաղաքապետարանը այգու չորրորդ հատվածի վերաբերյալ ունի մեծ ծրագիր, որն արդեն ներկայացվել է հանրությանը։ Այս պահին ծրագրի հետագա ընթացքը քննարկվում է կառավարության հետ: