Խաչատրյան փառատոնն Հայաստանում կհյուրընկալի հանրաճանաչ երաժիշտների

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ջութակահար, «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի համատեղ համերգով դեկտեմբերի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի յոթերորդ միջազգային փառատոնը, որն անցկացվելու է մինչև դեկտեմբերի 21-ը:

Բացման երեկոյին Վենգերովը կներկայացնի Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը‚ Մորիս Ռավելի «Գնչուհի» կոնցերտ-ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար։ Նվագախումբը կկատարի նաև Ջոն (Ջիվան) Տեր-Թադևոսյանի Թիվ 2 սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»։

Փառատոնի և նվագախմբի ծրագրերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ:

«Ըստ ավանդույթի` աշխարհի մեծ նվագախմբերն ունեն ռեզիդենտ արտիստներ: Եթե մի տարի առաջ զրուցեինք այդ մասին, ես ձեզ կասեի, որ այդ թեմայի շուրջ բանակցում ենք Մաքսիմ Վենգերովի հետ: Նա նվագել է Չիկագոյի, Լոնդոնի սիմֆոնիկ, Մարինյան թատրոնի նվագախմբերի հետ: Վենգերովի հետ համագործակցությունը մեզ համար ձեռքբերում է: Նա համաձայնվեց այս համերգաշրջանում լինել մեր ռեզիդենտ արտիստը: Անհավանական մեծ շրջագայություն ենք ունենալու միասին. ելույթներ Մյունխենում, Շտուտգարտում, Զալցբուրգում, Բեռլինում, Պրահայում, Վիեննայում, Մոսկվայում: Նվագելու ենք այն ծրագիրը, որը պատրաստվում ենք ներկայացնել փառատոնի բացմանը»,-պատմեց Սմբատյանն ու հիշեցրեց, որ փառատոնի շրջանակում նախանցյալ տարի Հայաստան էր ժամանել Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը, անցյալ տարի`հայտնի դաշնակահար Բորիս Բերեզովսկին, արտիստներ, որոնք էլ ավելի են բարձրացնում փառատնի հեղինակությունը:

Խոսելով փառատոնի յուրահատկությունից` նա ասաց, որ այն Արամ Խաչատրյանին ներկայացնում է որպես առաջնորդի ոչ միայն իր երաժշտությամբ, այլև տեսլականով:

Սմբատյանի կարծիքով` Խաչատրյանի ստեղծագործությունները շատ հայկական են, բայցև` համամարդկային:

«Երբ ասում ենք Հայաստան, հայ մշակույթ, չենք կարող չհիշել Խաչատրյանին, որը լիդեր է: Նա հերոս է, որի երաժշտությունը մոտիվացնում է բոլորիս: Այդ իսկ պատճառով նվագախումբն իրականացնում է Խաչատրյանի մրցույթ և փառատոն, որոնք տարբեր նպատակներ ունեն: Մրցույթը բացահայտում է նոր անունների, իսկ փառատոնին հանդես են գալիս երաժշտարվեստում մեծ վաստակ ունեցող երաժիշտներ` ներկայացնելով ոչ միայն Խաչատրյանի, այլև այլ կոմպոզիտորների գործեր»,-ընդգծեց դիրիժորը:

Նա տեղեկացրեց, որ նվագախումբը տարին փակելու է դեկտեմբերի 28-ին Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությամբ:

Սմբատյանը շեշտեց, որ իրենց համերգները տարբեր են և բազմաժանր: «Իմ և նվագախմբի նպատակն է ցույց տալ` երաժշտությունը կատարյալ արվեստ է, իսկ նվագախումբն այդ արվեստը ներկայացնելու կատարյալ գործիք: Երաժշտասերները կարող են տեսնել մեր համերգաշրջանի երկացանկի բազմազանությունը` Բրուքների 4-րդ սիմֆոնիայից մինչև Մայքլ Ջեքսոն, որոնք ներկայացնում ենք բարձր մակարդակով` Բրուքներին խիստ ավստրոգերմանական ոճով ու ավանդույթներով, իսկ Ջեքսոնին` շոու-տարրերով. դա նվաճում է»,-ասաց նա ու հայտնեց, որ հաջորդ տարի նախատեսում են իրականացնել երեք ընկերոջ` Խաչատրյանին, Շոստակովիչին և Պրոկոֆևին նվիրված փառատոն:

Խաչատրյան յոթերորդ միջազգային փառատոնի շրջանակում անցկացվելու է հինգ համերգային ծրագիր` երեքը սիմֆոնիկ, երկուսը կամերային: Դեկտեմբերի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա դաշնակահար‚ միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիթ Գրիգորյանի մենահամերգը: Նա կատարելու է Խաչատրյանի‚ Շոպենի‚ Ռախմանինովի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Դեկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Խաչատրյանը և ջազը» սիրված նախագիծը. կհնչեն Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային գործիքավորմամբ (Վարդագույն աղջիկները պարը «Գայանե» բալետից‚ Սպարտակի և Ֆրիգիայի ադաջիոն «Սպարտակ» բալետից‚ Սուսերով պարը «Գայանե» բալետից‚ Խորհրդային Հայաստանի հիմնը և այլն)։ Խաչատրյանի գործերի ջազային մշակումները նվագախմբի հետ կներկայացնեն մենակատարներ Վահագն Հայրապետյանը (դաշնամուր)‚ Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն)‚ Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը (տերեմին)։

Դեկտեմբերի 20-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ելույթ կունենան Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթող‚ թավջութակահար Ջոնաթան Սվենսենը և Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի հաղթող‚ դաշնակահար Հռիփսիմե Աղաքարյանը։

Փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 70-ամյակին նվիրված երեկոյով‚ որի շրջանակում հանդես կգան չինացի մենակատարներ՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի և չինացի կոմպոզիտորների գործեր։

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում