ԱԶԲ-ն հաստատել է Հայաստանի համար երկրի գործընկերության նոր 5-ամյա ռազմավարությունը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հաստատել է Հայաստանի համար երկրի գործընկերության նոր 5-ամյա ռազմավարությունը, որը միտված է տնտեսական դիվերսիֆիկացիայի մեծացմանը և բոլոր հայերի համար տնտեսական աճից օգտվելու ապահովմանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԱԶԲ հայաստանյան գրասենյակից:

2018 թվականին Հայաստանը դարձել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր, սակայն երկիրը կանգնած է զարգացման մի շարք մարտահրավերների առաջ, ներառյալ՝ տնտեսության խիստ կախվածությունը ապրանքներից, տևական աղքատությունը, կանանց 50%-ից ցածր մասնակցությունն աշխատուժին:

Հայաստանի համար 2019–2023 թվականների երկրի գործընկերության նոր ռազմավարության շրջանակում ԱԶԲ-ն կկարևորի ներդրումներն առաջնահերթ ենթակառուցվածքներում, կարևորագույն հանրային ծառայությունների բարելավումը և ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման խրախուսումը: Ինստիտուցիոնալ կարողության հզորացումը և կառավարման բարեփոխումներին աջակցությունը լինելու են համընդգրկուն առաջնահերթություն: ԱԶԲ-ի ռազմավարությունն ամբողջությամբ համապատասխանեցված է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ներառական, արտահանման կողմնորոշում ունեցող տնտեսության զարգացմանը և որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ու նորարարության առաջատար կենտրոն՝ երկրի կայացմանը միտված երկարաժամկետ պլանին:

«Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է լուրջ առաջընթաց իր տնտեսության վերաբալանսավորման հարցում՝ ուղղված առավել դիմակայուն և էկոլոգիապես կայուն աճին» ,- ասաց ԱԶԲ-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն՝ պարոն Պաոլո Սպանտիգատին: «Այսօր, երբ հայերն իրենց հայացքն ուղղել են դեպի ավելի պայծառ ապագա, մեր գործընկերությունը կաջակցի կառավարության՝ ֆիսկալ պատասխանատվության հենքով առավել դիմակայուն տնտեսության կայացմանն ուղղված ջանքերին: Տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և մարդկային կապիտալում ներդրումներ կատարելու միջոցով սույն ռազմավարությունը կօգնի ապահովել որպեսզի բոլոր քաղաքացիները քաղեն շարունակական աճի պտուղները»:

Նոր ռազմավարության համաձայն՝ ԱԶԲ-ն կապահովի ճանապարհային ցանցի ներդրումների կայունությունը և կարագացնի ընթացիկ տրանսպորտային ծրագրերի, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացումը: Էներգետիկայի ոլորտում ԱԶԲ-ն կաջակցի ենթակառուցվածքների բարելավմանը և կխրախուսի արևային և քամու էներգիայի ավելի լայն օգտագործմանը: Դա կօգնի դիվերսիֆիկացնել Հայաստանի էներգետիկ կառուցվածքը և նվազեցնել երկրի կախվածությունը ներմուծվող գազից:

«Հաշվի առնելով կայուն տնտեսական աճի հարցում մասնավոր հատվածի կարևորությունը՝ ԱԶԲ-ն կխթանի մասնավոր ձեռնարկությունների մասնակցությունը ենթակառուցվածքային և սոցիալական ոլորտի ծրագրերին»,- ասաց Կենտրոնական և Արևմտյան Ասիայի հարցերով ԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետ՝ պրն․ Ռաջեշ Վասուդևան: «Մենք ներդրում կկատարենք նաև երկրի ֆինանսական ոլորտում՝ աշխատատեղերի հիմնական աղբյուր և կառավարության համար գերակա առաջնահերթություն հանդիսացող փոքր և միջին բիզնեսների աճին օժանդակելու նպատակով»: ԱԶԲ-ն ներդրումներ կկատարի նաև դպրոցներում՝ կրթության հասանելիության ընդլայնման և ուսուցման ավելի լավ արդյունքների ապահովման գործընթացում՝ հայաստանցիների երկարաժամկետ զբաղվածունակությունը բարելավելու նպատակով:

Տարածաշրջանային համագործակցությունը և ինտեգրումը խթանելու նպատակով ԱԶԲ-ն կտրամադրի ֆինանսական միջոցներ և գիտելիքներ՝ աջակցելու տնտեսական միջանցքների զարգացմանը և սահմանային ենթակառուցվածքների բարելավմանը: Կստեղծվի Արևմտյան Կովկասի նոր տնտեսական միջանցք, ինչի նպատակն է օգնել Հայաստանին լավագույնս օգտվել իր ռազմավարական դիրքից՝ որպես նախընտրելի կապակցող օղակ Եվրասիական տնտեսական միության (որի անդամ է այն հանդիսանում) և արևմուտքից՝ Եվրոպական Միության միջև:

Այս պլանով շեշտադրվում է գենդերի ինտեգրումը Հայաստանում ԱԶԲ-ի գործառնություններում, ներառյալ՝ հատուկ կրթակարգերը և առողջապահական ծառայությունները, որոնք նախագծված են կանանց և աղջիկների համար հասանելիությունն առավելագույնի հասցնելու նպատակով: Այն կաջակցի աշխատուժում կանանց ցածր մասնակցության հանգամանքը հետշրջելուն և աղջիկների համար դպրոցից աշխատանք անցումը բարելավելուն ուղղված կառավարության ջանքերին:

ԱԶԲ-ի պլանում ուրվագծվում է կայուն աջակցություն կառավարության ներդրումներին տեխնոլոգիայում, այդ թվում՝ օգնելով ներմուծել արհեստական բանականություն քաղաքային հատվածում: Բացի այդ, այն կաջակցի երկրի արագ զարգացող թվային տեխնոլոգիաների ներդրմանը և նորարարական էկոհամակարգերին՝ կառավարության, ուսումնական շրջանակների և արդյունաբերության միջև գործընկերություններ հաստատելու միջոցով: Հաշվի առնելով սփյուռքում՝ ըստ հաշվարկների 8 միլիոն հայ ունենալու հանգամանքը, կառավարությունը բարգավաճող ներքին տեխնոլոգիական ինդուստրիան դիտարկում է նաև որպես կապ հաստատելու միջոց արտասահմանում գտնվող իր քաղաքացիների հետ և որպես գրավիչ ճյուղ տուն վերադառնալու և աշխատելու համար:

ԱԶԲ-ն Հայաստանի Հանրապետության կառավարության հետ աշխատել է սկսած 2005 թվականից, և հանձնառել 1.46 միլիարդ դոլարի չափով 31 վարկ, ներառյալ՝ 11 վարկ մասնավոր հատվածի համար: ԱԶԲ-ն հանձնառել է նաև 14.9 միլիոն դոլարի չափով տեխնիկական աջակցության դրամաշնորհներ: 2019 թ. հունիսի 30-ի դրությամբ ԱԶԲ-ի ակտիվ պորտֆելը կազմված է եղել 13 հանրային և մասնավոր հատվածների համար նախատեսված վարկերից, որոնց ընդհանուր գումարը կազմում է 809.8 միլիոն դոլար:

ԱԶԲ-ն հանձնառու է իրականություն դարձնել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը՝ միաժամանակ չդադարեցնելով ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված սեփական ջանքերը: 2018 թ. այն ստանձնել է 21.6 միլիարդ դոլարի չափով վարկերի և դրամաշնորհների հանձնառություններ: Հիմնադրվելով 1966 թվականին՝ այն ունի 68 անդամ երկրներ, որոնցից 49-ը՝ այդ տարածաշրջանից:

Հայերեն English Русский

Մոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համար

Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր

ՀՀ ԱԱԾ-ն հերքում է Սյունիքի գյուղերից մեկում երեք ադրբեջանցիների հայտնվելու մասին լուրերը

Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվել

Նոր հնարավորություններ՝ օրինապահ հարկ վճարողների համար. վերանայվել են հավաստագրի տրամադրման չափանիշներն ու ներդրվել նոր կարգավորումներ

Մերձբալթյան երկրներն առաջարկել են արգելել ռուսական հացահատիկի տարանցումը Եվրամիության տարածքով

Newmag հրատարակչության «Ֆրանկոֆեստ» գրական փառատոնը Երևանում կհյուրընկալի անվանի հեղինակների

Տարեսկզբից ի վեր Ամերիկայի երկրներում հայտնաբերվել է կարմրուկի շուրջ 55 800 դեպք

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/10/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/10/26