Տնտեսություն

Կառավարությունը 12,8 մլրդ դրամի ներդրումային ծրագրերի տրամադրեց արտոնություններ

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը 12,8 մլրդ դրամի ներդրումային ծրագրերի տրամադրեց արտոնություններ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում 3 տարի ժամկետով հետաձգեց «ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ընկերության համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, մեկ այլ որոշմամբ, նույն ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում ազատվեց մաքսատուրքից: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նշեց, որ «ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին, զբաղվում է ալյուրի արտադրությամբ ու բեռնափոխադրությամբ։

Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը պլանավորում է ներկրել 200 հատ «ԵՎՐՈ-5» էկոլոգիական դասակարգչին համապատասխանող Եվրոպական ծագման քարշակ բեռնատար ավտոմեքենաներ ու նույն քանակությամբ բեռնատար ավտոմեքենայի կիսակցորդիչներ:

«Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 2.5 մլրդ դրամի չափով ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 205-215 նոր աշխատատեղ` 160-170 հազար դրամ միջին աշխատավարձով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց փոխնախարարը:

Ըստ նրա,«ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ընկերության արտադրանքը տեղափոխելու համար (ալյուրի արտադրություն)։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ երկրներից:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ մաքսատուրքից ազատվելու արտոնություն տրվեց «ՏԵՔՍԱՍ ՓՐՈԴԱՔՇԸՆ» ընկերությանը: Վերջինիս կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության համար։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Վարոս Սիմոնյանը տեղեկացրեց, որ ևս մի քանի հարցեր են ընդգրկված կառավարության նիստի օրակարգում, որոնք վերաբերում են ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ հարկային արտոնություններին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց, որ այսօր 12,8 մլրդ դրամի ներդրումների վերաբերյալ որոշումներ կայացվեցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում